211652_close_icon
views-count2446 դիտում article-date 11:42 16-07-2026

Նոր բունտ է հասունանում Կոտայքի մարզում. բնակիչները սպառնում են շարունակել բողոքի ակցիաները՝ ընդհուպ փակելով ճանապարհներ, ասելով՝ Ներքին գործերի նախկին ու ներկա նախարարների և ՏԿԵ նախարարի բռնած լավ գործը ավարտին չեն հասցնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Կոտայքի մարզում՝ ժողովրդին հայտնի Նոր Գեղիի՝ «մահաբեր» անունը ստացած խաչմերուկում, պատասխանատուները խոստացել էին, որ 30 տարուց ավելի լուսացույցների տեղադրման խնդիրը լուծված է։

Սովետական տարիներից եղած լուսացույցները չգիտես ում մեղքով հանվել էին, ինչից հետո ըստ բնակիչների նշված վայրում ավելացել էին ճանապարհատրանսպորտային պատահարներն ու վրաերթերը, այդ թվում՝ մահվան ելքով։

Երկար ու ձիգ տարիներ բնակիչները դիմել էին պատասխանատուներին, ընդհուպ՝ իրականացրել էին բողոքի ակցիաներ՝ փակելով ճանապարհը։ Եվ միայն բնակիչների արդարացի պահանջից հետո ՀՀ Ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ Ներքին գործերի ներկայիս նախարար Արփինե Սարգսյանի, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Նորիկ Սարգսյանի գործուն միջամտության շնորհիվ սկսվեցին աշխատանքները, և շաբաթների ընթացքում տեղադրվեցին լուսացույցները, ինչից հետո խոստացան, որ պետք է մեկ ամիս լուսացույցները թարթեն միայն դեղին լույսի առկայությամբ, որպեսզի վարորդներն ընտելանան, ինչը թե՛ վարորդները, թե՛ Նոր Գեղիի ու հարակից գյուղերի բնակիչները մեծ ոգևորությամբ ընդունեցին։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ ցավոք պատասխանատու ընկերությունն այս դեպքում նույնպես ընդունեց ջայլամի կեցվածք ու երկար ու ձիգ ամիսներ իրականացված լավ գործը կիսատ թողեց։ 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 15-ին, բնակիչները սպառնում էին, որ պատրաստվում են դիմել կտրուկ միջոցների՝ ընդհուպ շարունակելու բողոքի ակցիաները՝ փակելով ճանապարհները, որպեսզի գոնե դրանից հետո Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը գործն ավարտին հասցնի։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Ճանապարհային դեպարտամենտ»-ը դեռ ամիսներ առաջ խոստացել էր, որ պետք է լուսացույցներ տեղադրվեն նաև ժողովրդին հայտնի «Առինջ մոլի» խաչմերուկում, որտեղ նույնպես ճանապարհատրանսպորտային պատահարների ու վրաերթերի պակաս չկա, մինչդեռ այդ հատվածում ավտոմեքենաների և հետիոտների հոսքը բավականին շատ է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի անմիջական միջամտության արդյունքում ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, նախկին Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Կոնստանտին Կոստանյանի, ինչպես նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուների գլխավորությամբ վերջապես կյանքի էր կոչվում 20 տարուց ավելի Նոր Գեղի բնակավայրի բնակիչների խնդրանքը։ Խնդրանք, որով բնակիչները դիմել էին թե՛ գրավոր, թե՛ բանավոր, անգամ բողոքի ակցիաներ էին իրականացրել, որպեսզի «աջաբսանդալ» անունը ստացած Նոր Գեղիի խաչմերուկին նորից տեղադրվեին լուսակիրներ։ Իսկ լուսակիրներ խաչմերուկն ունեցել էր սովետական տարիներին և ԽՍՀՄ փլուզումից հետո չգիտես ում կարճ խելքով որոշում էր կայացվել, որ պետք է ապամոնտաժվեին։

Լուսակիրների ապամոնտաժումից հետո նշված խաչմերուկում կտրուկ նկատվել էր ճանապարհատրանսպորտային պատահարների, վրաերթերի, այդ թվում՝ ցավոք, ողբերգական դեպքերի աճ։ Ու բնակիչներն ամեն անգամ դիմել էին պատասխանատու մարմիններին, որպեսզի նորից լուսակիրները տեղադրեն։

Բնակիչներին տարիներ առաջ ընդառաջել էին միայն ՀՀ ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՆԳ նախարարի տեղակալ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ՃՈ նախկին պետեր Եգոր Կարապետյանը, Նորիկ Սարգսյանը, ՃՈ բաժնի պետերից Կոնստանտին Կոստանյանը, Տարածքային կառավարման նախկին նախարար Գնել Սանոսյանը, ներկայիս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի տնօրենը։

Արդեն ՆԳ նախարար Ա. Սարգսյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դ. Խուդաթյանի օպերատիվ աշխատանքը տվել էր իր արդյունքը։ Առաջիկա 1 ամսվա ընթացքում լուսակիրների տեղադրման աշխատանքները կավարտվեին և նշված խաչմերուկում արդեն կգործեին լուսակիրներ։

Ապրիլի 2-ին ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն իրենց շնորհակալությունն էին հայտնել Ա. Սարգսյանին, Դ. Խուդաթյանին, Ն. Սարգսյանին, մյուս պատասխանատուներին, այդ թվում՝ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին և Նոր Գեղիի վարչական ղեկավարին, ովքեր վերջապես բնակիչների խնդրանքը իրականություն դարձրեցին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2024թ․ հոկտեմբերի 19-ին ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի միջամտության շնորհիվ վերջապես Կոտայքի մարզում՝ Նոր Գեղիի խաչմերուկում՝ ժողովրդին հայտնի «մահաբեր» կամ «աջաբսանդալ խաչմերուկ» անունը ստացած հատվածում տեղադրվել էին երթևեկությունը կարգավորող նշաններն ու կատարվել գծանշումներ:   

Աշխատանքները ղեկավարել էին ՀՀ ՆԳՆ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Կոնստանտին Կոստանյանը: 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասել էին.

«30 տարուց ավելի է, ինչ սովետի ժամանակներից տեղադրված «սվետաֆոռները» հանվեցին ու այս հատվածը մի իսկական փորձանք դարձավ թե՛ վարորդների, թե գյուղացիներիս համար:  

Գրեթե ավտովթարների պակաս չկար, այդ թվում՝ ողբերգական, վրաերթերի մասին էլ խոսք չկա:  

30 տարի է՝ ում ասես դիմեցինք, գյուղապետը մեզ հետ հավասար պայքարում էր, որպեսզի նորից լուսակիրներ տեղադրեն. ամեն անգամ խոստանում էին, որ խնդիրը կլուծեն, բայց այդ ամենը հերթական վթարից հետո էին խոստանում: Չգիտեինք՝ ում ասել, որ այդ խնդիրը կարգավորեն:  

SHAMSHYAN.com-ի միջոցով դիմեցինք Ներքին գործերի նախարար Վ. Ղազարյանին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ Ա. Հովհաննիսյանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գ. Սանոսյանին և այլ պատկան մարմինների, բայց դրական պատասխան ստացանք միայն ՆԳՆ-ից, Ոստիկանությունից և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, որտեղից մեզ խոստացան, որ խնդիրը կկարգավորվի, նշված հատվածում կվերականգնվեն լուսակիրները, կկատարվեն անհրաժեշտ գծանշումներ ու կտեղադրվեն երթևեկությունը կարգավորող նշաններ, այդ թվում՝ հետիոտնի համար:

Ճիշտն ասած՝ մի քիչ երկարեց այդ պրոցեսը, ու այս անգամ էլ հույս չունեինք, բայց այսօր տեսանք, որ իրոք սայլը տեղից շարժվեց:

Ուզում ենք մեր շնորհակալանքի խոսքն ուղղել Վ. Ղազարյանին, Ա. Հովհաննիսյանին. Գ. Սանոսյանին, ՃՈ պետ Ն. Սարգսյանին, մեր գյուղապետին, ով նույնպես բազմաթիվ պետական չինովնիկների դռներ է ծեծել, որպեսզի այս ամենը իրականություն դառնա:  

Տեղյակ ենք, որ առաջիկայում նաև լուսակիրներ են դնելու ու այս հատվածում արդեն լինելու է «կալցևոյ» ու վստահ ենք՝ երթևեկությունը նշված հատվածում կկարգավորվի»:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ տեղում ճանապարհային նշաններ և գծանշումներ կատարող ընկերության աշխատակիցների անվտանգությունը ապահովել էին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ:

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր