211652_close_icon
views-count3934 դիտում article-date 23:25 16-07-2026

Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ․ բժիշկների շնորհիվ նրա կյանքին վտանգ չի սպառնում․ իրավապահները պարզում են կրակոցների վայրը

Այսօր՝ հուլիսի 16-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Լոռու մարզի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Տեղում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Գևորգ Թ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Ստեփանավան խոշորացված համայնքի Հոբարձի բնակավայրից։

Դեպքի մասին ոստիկանության Լոռու մարզային քրեական վարչությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Էդվարդ Կարապետյանի, վարչության պետի տեղակալ Արշակ Կիրակոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մասնակիցների ինքնությունը և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ կատարողներին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր