211652_close_icon
views-count1906 դիտում article-date 17:56 23-07-2026

Զովունիում 20 տարուց ավելի կոյուղատարից թափվող կեղտաջուրը պատուհաս էր դարձել բնակիչների գլխին. ՏԿԵ նախարարը, ՀԾԿՀ-ն, Ջրային կոմիտեն, Կոտայքի մարզպետն ու «Վեոլիա ջուրը» հսկայական աշխատանքի արդյունքում խնդիրը լուծեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

SHAMSHYAN.com-ը 2025 թ․ օգոստոսի 21-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Կոտայքի մարզում՝ Զովունի բնակավայրից դեպի Քանաքեռավան տանող ճանապարհին տիրող գարշահոտ ու հակասանիտարական վիճակի մասին, որտեղ բնակիչներն իրենց բողոքն էին ուղղել պատկան մարմիններին, այդ թվում «Վեոլիա ջուր» ընկերությանն ու Զովունի բնակավայրի ղեկավարին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն ու մի ամբողջ տարածք փրկեն գարշահոտ ու հակասանիտարական վիճակից, քանի որ դրա հետևանքով կար նաև համաճարակի վտանգ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շաբաթներ առաջ վերջապես ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի, Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի և «Վեոլիա ջուր» ընկերության համագործակցության արդյունքում հսկայական աշխատանքներ են իրականացվել, ինչի արդյունքում կեղտաջրերի հոսքը դեպի համապատասխան վայր հոսում է արդեն «Վեոլիա ջուր» ընկերության կողմից անցկացված հատուկ խողովակների միջով։

Այդ պահին աշխատանքերի 80 տոկոսը «Վեոլիա ջուրը» արդեն իրականացրել է ու մնացածի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ երբ նշված կառույցները իրար հետ համագործակցում են, նման խնդիրները, որոնք հանրապետությունում շատ են, շատ արագ լուծվում են և դրա ապացույցը նշված հատվածում 20 տարուց ավելի չլուծված հարցն էր, որը մի ամբողջ տարածք վերածում էր գարշանքի։

Ինչպես 2025 թ․ օգոստոսի 21-ին հայտնել էր SHAMSHYAN.com-ը, բազմաթիվ ահազանգեր էինք ստացել քաղաքացիներից, ովքեր իրենց անհանգստությունն ու վրդովմունքն էին հայտնել, ասելով, որ տևական ժամանակ է՝ Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան տանող ճանապարհահատվածի ոլորանապտույտ վայրի ձախակողմյան գոտում խողովակից թափվում էր կեղտաջուրը, ինչի պատճառով էլ տարածքում տիրում էր գարշահոտ վիճակ: 
 
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, հիմնականում՝ կանայք, ասել էին. 

«Ինչքան ժամանակ է՝ էս վիճակը կա: Գալիս ենք էստեղ սիբեխ, բանջար հավաքելու, բայց հիմա չենք էլ կարողանում մոտենալ, 100-200 մետրից գարշահոտը խեղդում է: 
 
Պատճառը ինչ-որ խողովակից կեղտաջրի թափվելն է: 
 
Նախկինում նման բան երբեք չի եղել, մի քանի անգամ ահազանգել ենք «Վեոլիա ջուր», միայն ասել են, թե խնդրին ծանոթ են, կվերացնեն այն, բայց նույն վիճակն է: 
 
Էդ կեղտաջերրը նաև հոսելով լցվում են Զանգու գետը՝ վնասելով նաև կենդանական աշխարհը ու մեկ ժամվա գործը, չգիտես ինչու, երկար ու ձիգ ամիսներ «Վեոլիա ջուրը» ձգում է: 
Մարդ ինչքան անպատասխանատու լինի, որ նման խնդիրը չուզենա ժամերի ընթացքում լուծել: 
 
Ճիշտն ասած՝ մի քանի բնապահանական կազմակերպությունների էլ ենք տեղեկացրել, խոստացան, որ կգան ու հետևողական կլինեն, որպեսզի պատկան մարմինները խնդիրը լուծեն, բայց ոչ էլ ժամանեցին: 
 
Երևի որոշ բնապահպանների չի հետաքրքրում էս փնթի վիճակը: 
 
Արդեն հույսներս ուզում ենք կապել Կոտայքի մարզպետի հետ, ով եթե տեղեկանա խնդրի մասին, վստահ ենք հետևողականություն կցուցաբերի և էս գարշահոտ, բնության հերն անիծող վիճակը վերացնել կտա, իհարկե «Վեոլիա ջրի» հետ համատեղ»: 
 
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր