211652_close_icon
views-count355 դիտում article-date 18:30 23-07-2026

Rheinmetall-ը Բավարիայում սկսել է Եվրոպայում խոշորագույն վառոդի գործարանի կառուցումը

Գերմանական Rheinmetall ռազմաարդյունաբերական կոնցեռնը Բավարիայում ձեռնամուխ է եղել Եվրոպայում վառոդի արտադրության խոշորագույն գործարաններից մեկի կառուցմանը:

Ընկերությունում նշել են, որ Rheinmetall-ը շարունակում է էապես ընդլայնել արտադրական հզորությունները «Կրակային ուժ» (Firepower) նախագծի շրջանակում: «Այդ նպատակով Rheinmetall-ի Աշաու-ամ-Իննի պատմական ձեռնարկության բազայի վրա՝ Nitrochemie դուստր ընկերության հարթակներից մեկում, կառուցվում է Եվրոպայում ամենամեծ և ամենաժամանակակից վառոդի գործարաններից մեկը: Առաջին քարի դրման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերը, ԳՖՀ պաշտպանության նախարարությանն առընթեր խորհրդարանական պետքարտուղար Նիլս Շմիդը և Բավարիայի էկոնոմիկայի, տարածաշրջանային զարգացման և էներգետիկայի նախարար Հուբերտ Այվանգերը»,- ընդգծել են կոնցեռնում:

Ձեռնարկության տարածքը նախկին 90-ից մինչև 110 հեկտար ընդլայնելու հաշվին, ինչպես պարզաբանել են ընկերությունում, նախատեսվում է էապես ավելացնել փողային հրետանու և այլ խոշոր տրամաչափի համակարգերի նետողական լիցքերի բաղադրիչների թողարկման ծավալները: «Աշաուում աշխատակիցների հաստիքը շարունակում է աճել. 2022 թվականից մինչ օրս այն ավելացել է մոտ 80%-ով և գերազանցել 800 մարդը: Այժմ այստեղ նախատեսվում է ստեղծել ևս մի քանի հարյուր աշխատատեղ, ինչի շնորհիվ ապագայում ձեռնարկությունում կաշխատի 1400 մարդ»,- նշել են Rheinmetall-ում:

Նոր օբյեկտներում արտադրության փուլային թողարկումը պետք է սկսվի 2027 թվականից: Ներկայում, ինչպես հստակեցրել են կոնցեռնում, Աշաուի հարթակն աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ տարեկան թողարկելով մոտ 1700 տոննա վառոդ և շուրջ 300 հազար նետողական լիցքերի մոդուլ: Առաջիկա 24 ամիսների ընթացքում նախատեսվում է վառոդի և լիցքավորման մոդուլների արտադրության ծավալներն ավելացնել ավելի քան երկու անգամ: Այսպիսով, Աշաուում լրացուցիչ կարտադրվի մինչև 2500 տոննա վառոդ, ավելի քան 5 միլիոն այրվող ձևավոր մասեր և ավելի քան 1 միլիոն նետողական լիցքերի մոդուլային տարրեր:
Առավելագույն արտադրողական հզորությունը ձեռք կբերվի 2028 թվականին:

«Rheinmetall-ը 500 միլիոն եվրո է ներդնում Եվրոպայում խոշորագույն և ամենաժամանակակից վառոդի գործարանում: Սա վճռորոշ ավանդ է ներդնում պաշտպանական ոլորտի կայունության և ինքնավարության գործում, ինչպես նաև ստեղծում է 500 նոր, կայուն աշխատատեղ տարածաշրջանում»,- հայտարարել է Զյոդերը:

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Ուկրաինայում ընթացող հակամարտության ֆոնին վերջին տարիներին Գերմանիայի և ՆԱՏՕ-ի ու Եվրամիության նրա դաշնակիցների զենքի վառոդի պաշարներն էապես սպառվել են:

Rheinmetall-ը, որը ֆրանսիական Eurenco-ի և նորվեգա-շվեդական Nammo-ի հետ մեկտեղ Եվրոպայում զենքի վառոդ արտադրող մի քանի ընկերություններից մեկն է, ակնկալում է մինչև 2030 թվականը դրա արտադրությունը հասցնել մինչև 20 հազար տոննայի՝ Գերմանիայի զինված ուժերին, ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրներին մատակարարելու համար:

Նմանատիպ նյութեր