211652_close_icon
views-count319 դիտում article-date 21:30 23-07-2026

Եվրամիության երկրները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը

Եվրամիության երկրները տասնօրյա լարված քննարկումներից հետո համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը: Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի խոսքով՝ նոր փաթեթն ուղղված է էներգետիկայի, ֆինանսական ծառայությունների, կրիպտոարժույթների և առևտրի դեմ:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ ցուցակում ներառվել է ռուսական ևս 32 բանկ, որոնց հետ կարգելվեն գործարքները: Պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են նաև նավթի առևտրով զբաղվող հարթակներ, կրիպտոընկերություններ, իսկ մարտական գործողություններին մասնակցած ռուսաստանցիներին կարգելվի մուտք գործել Եվրամիության տարածք: Բացի դրանից՝ ռուսական նավթի գնի վերին շեմը մեկ տարով սառեցվել է մեկ բարելի դիմաց 44 դոլարի մակարդակում, որպեսզի Մոսկվան օգուտ չքաղի շուկայի ցնցումներից:

«Մինչ Ուկրաինան զարգացնում է հաջողությունները մարտի դաշտում, մեր պատժամիջոցները խաթարում են Ռուսաստանի պատերազմի տնտեսական հիմքերը»,- նշել է ֆոն դեր Լայենը:

Եվրամիության երկրներին չէր հաջողվում համաձայնության գալ պատժամիջոցների շուրջ Հունաստանի առարկությունների պատճառով: Հունական ընկերությունները վերահսկում են Եվրոպայում խոշորագույն առևտրային նավատորմը և մինչև պատերազմը ռուսական գազի և նավթի հիմնական փոխադրողն էին: 26 երկրներն, ի վերջո, համաձայնել են մեկ տարով հետաձգել ռուսական հեղուկացված գազի դեմ պատժամիջոցները:

Նմանատիպ նյութեր