211652_close_icon
views-count403 դիտում article-date 15:54 27-07-2026

Աշխարհի առաջատար գիտական կենտրոններում կվերապատրաստվի ևս 50 հետազոտող

ԿԳՄՍ նախարարի հրամանով ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն մրցույթին ներկայացված 60 հայտերից ֆինանսավորման է երաշխավորել 50-ը՝ շուրջ 178 մլն դրամ ընդհանուր ծավալով՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներից։

Ծրագրի շրջանակում հետազոտողները և երիտասարդ գիտնականները 2-12 ամիս ժամկետով մասնագիտական վերապատրաստում կանցնեն 19 երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Չեխիայի, Ավստրիայի, Միացյալ Թագավորության, Չինաստանի, Ռուսաստանի, Սլովակիայի, Իտալիայի առաջատար գիտական կազմակերպություններում և բուհերում՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ ու հմտություններ, յուրացնելով միջազգային լավագույն փորձը և ընդլայնելով համագործակցությունը համաշխարհային հետազոտական համայնքի հետ։

Մրցույթի շահառուների թվում են՝

· ՀՀ պետբյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագիր իրականացնող 16 բուհերի և գիտական կազմակերպությունների մագիստրատուրայի ուսանողներ,
· 1991 թ․ հունվարի 1-ից հետո ծնված ասպիրանտներ կամ հայցորդներ,
· 1971 թ․ հունվարի 1-ից հետո ծնված, գիտական աստիճան ունեցող և գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող անձինք։

Հիշեցնենք՝ 2023-2025 թթ․ արտերկրի առաջատար կենտրոններում մասնագիտական վերապատրաստման դրամաշնորհ էր ստացել 75 հետազոտող՝ շուրջ 300 մլն դրամ ընդհանուր ֆինանսավորմամբ։ Նախորդ տարիներին գիտաշխատողները վերապատրաստվել են 21 երկրի, այդ թվում՝ Գերմանիայի, Չեխիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Բելգիայի, Իտալիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Միացյալ Թագավորության առաջատար գիտակրթական կենտրոններում։

«Մասնագիտական վերապատրաստում 2026» մրցույթն իրականացվում է ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026–2030 թվականների ռազմավարական ծրագրի «Հետազոտությունների գերազանցության խթանում» ռազմավարական նպատակի շրջանակում և ուղղված է մարդկային ներուժի զարգացմանն ու պահպանմանը, հետազոտողների՝ միջազգային գիտական տարածքում ինտեգրմանը, սփյուռքի գիտական ներուժի ներգրավմանը և միջազգային համագործակցության ընդլայնմանը։

Նմանատիպ նյութեր