211652_close_icon
views-count424 դիտում article-date 15:41 29-07-2026

Ինչպես պաշտպանվել միջատների խայթոցներից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) ներկայացնում է միջատի խայթոցի դեպքում առաջին օգնության հիմնական քայլերը, վտանգի նշանները և կանխարգելման միջոցները, որոնք կօգնեն պահպանել առողջությունը և ժամանակին դիմել բժշկական օգնության անհրաժեշտության դեպքում։
 
«Ամռանը միջատների խայթոցներն ավելի հաճախակի են։ Շատ դեպքերում դրանք առաջացնում են խայթոցի հատվածում կարմրություն, այտուց կամ քոր, որոնք սովորաբար անցնում են մի քանի օրվա ընթացքում։
 
Սակայն որոշ դեպքերում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության։
 
Ի՞նչ անել միջատի խայթոցի դեպքում.

Լվացե՛ք խայթոցի հատվածը օճառով և հոսող ջրով,
Դրե՛ք սառը թրջոց կամ սառը կոմպրես՝ այտուցը և քորը նվազեցնելու համար,
Մի՛ քորեք խայթոցի հատվածը՝ մաշկի վնասումն ու վարակման վտանգը նվազեցնելու համար:
Անհապաղ դիմեք բժշկի, եթե`
Դժվարանում եք շնչել կամ կուլ տալ
Առաջանում է դեմքի, շրթունքների, լեզվի կամ կոկորդի այտուց
Նկատվում է գլխապտույտ, թուլություն կամ գիտակցության խանգարում
Ուժեղանում է կարմրությունը, այտուցը կամ ցավը խայթոցի հատվածում
Բարձրացել է մարմնի ջերմաստիճանը կամ վատացել ընդհանուր ինքնազգացողությունը
Ինչպե՞ս պաշտպանվել միջատների խայթոցներից
 
Օգտագործե՛ք միջատներին վանող միջոցներ (ռեպելենտներ), կրե՛ք փակ հագուստ, հատկապես բնության գրկում գտնվելիս, օգտագործե՛ք հակամիջատային ցանցեր տանը և հանգստի վայրերում, կանխե՛ք խայթոցները։ Ճանաչեք վտանգի նշանները։ Ժամանակին դիմեք բժշկի՝ բարդություններից խուսափելու և ձեր առողջությունը պահպանելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր