211652_close_icon
views-count358 դիտում article-date 17:00 29-07-2026

Հայաստանը և Իրանը քննարկում են էներգետիկ համագործակցության ընդլայնումը. Խուդաթյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-իրանական էներգետիկ համագործակցությանը։
 
Նախարարի խոսքով՝ երկու երկրների միջև առկա է փոխադարձ հետաքրքրություն ծավալների ավելացման հարցում. «Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ավել էլեկտրաէներգիայի կարիք, և, բնականաբար, Հայաստանի Հանրապետությունն ունի գազի կարիք»։
 
Խուդաթյանը նշել է, որ գազատարի թողունակությունը թույլ է տալիս ավելացնել մատակարարումները. «400 կիլովոլտ գծի կառուցումից հետո նաև էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալը կկարողանանք ավելի մեծացնել»։
 
Ըստ նախարարի՝ այս պահին ձևավորվել է աշխատանքային խումբ, որը քննարկում է գործարքի ընդլայնման մանրամասներն ու հստակ ժամկետները։
 
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրանական գազը դիտարկվում է որպես ռուսական գազի փոխարինող՝ նախարարը շեշտել է, որ սա տարիներ շարունակ գործող բնականոն գործընթաց է, և որևէ «մտահոգություն» չկա. «Կա աշխատանքային պրոցես, այդ տրամաբանության մեջ մենք արդեն բազմաթիվ տարիներ, 12 ամիս գրաֆիկով, այս գործարքն իրականացրել ենք»։

Նմանատիպ նյութեր