211652_close_icon
views-count1057 դիտում article-date 11:20 06-08-2026

Չեմ կարող մեկնաբանել Ձեր կողմից նշված անձի խոսքը, բայց մենք ասել ենք, որ ուզում ենք ունենալ նոր Սահմանադրություն. Գալյանը՝ Հաջիևի հայտարարության մասին

Տեքստը քննարկումների փուլում է, հրապարակման մասով քննարկումները շարունակվում են, կոնկրետ որևէ բան նշել չեմ կարող։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով նոր Սահմանադրության տեքստի հրապարակման ժամկետներին վերաբերող հարցին:

Դիտարկմանը, թե օրերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր՝ ստացվող ազդակները վկայում են այն մասին, որ Հայաստանում սկսվում է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը, Գալյանն ասել է.

«Ես չեմ կարող մեկնաբանել Ձեր կողմից նշված անձի խոսքը, որովհետև չգիտեմ, թե ինչ է ընկած իր խոսքի հիմքում, սեփական մտքերը, ենթադրում եմ, բայց մենք ասել ենք, որ Սահմանադրության նախագիծ ենք մշակում և ուզում ենք ունենալ նոր Սահմանադրություն: Այն՝ կունենանք նոր Սահմանադրություն, թե ոչ, կորոշի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ 

Նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմաթիվ անգամ, խոսվել է նոր Սահմանադրություն ունենալու մասին և ժողովուրդն իր վստահության քվեն տվել է մեզ: Դա նշանակում է, որ մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը Սահմանադրության մշակման, հետագայում դրա հրապարակման և հանրության հետ դրա տեքստի կոմունիկացիայի համատեքստում»,- նշել է նա։

Լրագրողի հարցին՝ Անկախության հռչակագրի վերաբերյալ ի՞նչ որոշում է կայացվել, Արդարադատության նախարարը պատասխանել է.

«Տեքստը կհրապարակվի, Ձեր բոլոր հարցերի պատասխանները կտրվեն: Ես չեմ կարող ասել, որովհետև դա միանձնյա որոշում չէ, դա կոլեգիալ որոշում է, և երբ այդ որոշումը կայացվի, որոշման մասին բոլորը կիմանան»,-ասել է Սրբուհի Գալյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ թուրքական Haber Global հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է՝ Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվի այն հոդվածը, որը տարածքային պահանջներ է նախատեսում Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ:

«Այն բանից հետո, երբ այդ տարածքային պահանջները հանվեն Սահմանադրությունից, Ադրբեջանը խնդիրներ չի տեսնում վերջնական «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու համար։ Ավելին, մեր տարածաշրջանում արդեն իսկ գոյություն ունի դե ֆակտո խաղաղ իրավիճակ»,-նշել է Հաջիևը։ 

Նմանատիպ նյութեր