211652_close_icon
views-count793 դիտում article-date 12:55 18-08-2026

Քեզ բացակա չենք դնի. երկնային ծնունդդ շնորհավոր Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Մխիթար Գալեյան՝ «Դուխավիկ Մխո». դու կդառնայիր 26 տարեկան

Երեկ՝ օգոստոսի 17-ին, 44-օրյա պատերազմի անմահ հերոս Մխիթար Գալեյանի տարեդարձն էր․ նա կդառնար 26 տարեկան։

«Մխիթարն ընդամենը 20 տարեկան էր, երբ 44-օրյա պատերազմում իր կյանքը տվեց Արցախի պաշտպանության համար։

Մխիթարը Հադրութում ծառայող սերժանտ էր։ Երբ նրա հրամանատարը զոհվեց, նա իր վրա վերցրեց հրամանատարությունը, օգնեց վիրավոր զինակիցներին ու շարունակեց կռվել՝ ընդամենը 20 տարեկանում կրելով մի ծանրություն, որը ոչ մի 20-ամյա երիտասարդ չպետք է կրի։

26 տարեկանում Մխիթարը պետք է արդեն իր կյանքը կառուցեր՝ իր ծրագրերով, աշխատանքով, սիրելի մարդկանցով։ Գուցե ընտանիք կազմած լիներ։ Այսօր նա պետք է իր ծննդյան օրը նշեր նրանց հետ, ովքեր սիրում ու սպասում էին իրեն։

Փոխարենը՝ այս տարիներին նրա ընտանիքը նրա ծննդյան օրերը դիմավորում է Եռաբլուրում՝ Մխիթարի շիրիմի մոտ։

Բայց նույնիսկ որդու կորստից հետո Փաշինյանի իշխանությունը հանգիստ չթողեց այս ընտանիքին։
Երբ զոհված զինծառայողների ծնողները սկսեցին պատասխանատվություն պահանջել իրենց որդիների մահվան համար, Մխիթարի հայրը՝ Գարիկ Գալեյանը, կալանավորվեց, իսկ հետո նաև տնային կալանքի ենթարկվեց։
Հայրը, ով արդեն հողին էր հանձնել Արցախը պաշտպանելիս զոհված իր 20-ամյա որդուն, ստիպված եղավ դրանից հետո տարիներ շարունակ նաև դատարաններում պայքարել Փաշինյանի ռեժիմի դեմ։

Եվ հենց դա է այս պատմությունը դարձնում ավելի ցավալի։

Մխիթարը զոհվեց՝ պաշտպանելով հայրենիքը։ Իսկ նրա հայրը տարիներ շարունակ պայքարեց՝ որդու մահվան վերաբերյալ ճշմարտությունն ու պատասխանները պահանջելով։

Այսօր Գարիկն ազատ է, բայց ոչ ոք չի կարող վերադարձնել ո՛չ որդուն, ո՛չ էլ իրենց ընտանիքից խլված տարիները։
Այսօր Մխիթարը պետք է դառնար 26 տարեկան։

Այսօր Մխիթարի 26-ամյակը նշելու փոխարեն մենք ոգեկոչում ենք նրա հիշատակը՝ հիշելով նրա կիսատ մնացած կյանքը, չապրած ապագան և այն ցավը, որ նրա ընտանիքը շարունակեց կրել նաև որդու կորստից հետո՝ Փաշինյանի իշխանության օրոք։

Երկնային ծնունդդ շնորհավոր, Մխիթար»,- գրված է «301 Հայերեն» ֆեյսբուքյան էջում։

Նմանատիպ նյութեր