211652_close_icon
views-count331 դիտում article-date 12:33 20-08-2026

Կառավարությունը 425 մլն դրամ կհատկացնի թզի և դեղձի մթերման ու վերամշակման խթանման համար

Կառավարությունը շուրջ 425 մլն դրամ կհատկացնի թզի և դեղձի մթերման ու վերամշակման գործընթացների սուբսիդավորմանը՝ նպատակ ունենալով մեղմել բերքի իրացման խնդիրները և բարձրացնել տեղական արտադրանքի մրցունակությունը։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության՝ օգոստոսի 20-ի նիստում։

Էկոնոմիկայի նախարարության մշակած նախագծի համաձայն՝ օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 1-ը տնտեսավարողներին կտրամադրվի փոխհատուցում մթերվող գյուղմթերքի դիմաց։ Մասնավորապես, Սյունիքի մարզից մինչև 400 տոննա թզի մթերման դեպքում սահմանվելու է 125 դրամի չափով փոխհատուցում յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար, և նույնքան՝ 125 դրամ, կտրամադրվի Հայաստանի տարածքում վերամշակման նպատակով մթերվող դեղձի յուրաքանչյուր 1 կիլոգրամի դիմաց։

Ընթացիկ տարում սպասվող թզի և դեղձի առատ բերքի պայմաններում լուրջ խնդիրներ են առաջացել հատկապես Սյունիքում՝ պայմանավորված թզի պահման կարճ ժամկետներով և արտահանման երկար լոգիստիկ երթուղիներով։ Միաժամանակ, տեղական վերամշակողները բախվում են գնային խստագույն մրցակցության, քանի որ ԵՄ շուկայում թուրքական, ուզբեկական և տաջիկական չոր մրգերը վաճառվում են մոտ 2 դոլարով ցածր արժեքով, ինչը և հիմնավորում է պետական աջակցության անհրաժեշտությունը։

Օգոստոս ամսվա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ընդհանուր գումարը գնահատվում է մոտ 425 մլն դրամ՝ հաշվի առնելով կանխատեսվող 400 տոննա թզի և 3,000 տոննա դեղձի ծավալները։ Մթերման գործընթացների մշադիտարկումն իրականացնելու են մարզպետների աշխատակազմերը, իսկ ծրագիրն իրականացվում է կառավարության տնտեսական քաղաքականության և արտահանման խթանմանն ուղղված միջոցառումների շրջանակում։

Նմանատիպ նյութեր