211652_close_icon
views-count556 դիտում article-date 11:40 22-08-2026

Ազգովի փորձությունների միջով ենք անցնում, սակայն, վստահ ենք, որ ամուր հավատով և միասնականությամբ կարող կլինենք հաղթահարել կյանքի բոլոր նեղությունները․ Վեհափառ

Սիրելի բարեպաշտ զավակներ Մեր ի հայրենիս և ի սփյուռս,

Երախտագետ սրտով Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում ձեզ Մեր ծննդյան տարեդարձի առիթով հղած ջերմ շնորհավորանքների, անկեղծ մաղթանքների և զորակցության խոսքերի համար։

Գոհություն և փառք Երկնավորին, որ շնորհը պարգևեց Մեզ ծառայելու Իր Սուրբ Եկեղեցուն, ընտրյալ մեր ազգին և Տերունադրոշմ հայրենիքին՝ մշտապես ունենալով զորակցությունը բարեպաշտ մեր ժողովրդի, մեր հոգևորականաց և բարերար հայորդիների։ 

Ազգովի փորձությունների միջով ենք անցնում, սակայն, վստահ ենք, որ ամուր հավատով և միասնականությամբ կարող կլինենք հաղթահարել կյանքի բոլոր նեղությունները՝ ապավինելով սուրբգրային ճշմարտության․ «Երանի՛ այն ազգին, որի օգնականը Տեր Աստված է, երանի՛ այն ժողովրդին, որին ընտրեց իբրև իրեն ժառանգություն» (Սաղմ․32․12)։

Մեր հանապազ հայցն է առ Աստված, որ խաղաղ ու ապահով պահի ու պահպանի հայրենի մեր երկիրը, պայծառ՝ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, օրհնելով օրհնի, առաջընթաց և շնորհառատ կյանք պարգևի աշխարհասփյուռ մեր ժողովրդին։ 

ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ 
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Նմանատիպ նյութեր