211652_close_icon
views-count514 դիտում article-date 14:33 27-08-2026

Հյուսիս-հարավի տարբեր հատվածների ֆինանսավորման համար 1 մլրդ 174 մլն դրամ կհատկացվի

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին հարցին։

«Քննարկում ենք Հյուսիս-հարավ ճանապարհի և այլ նախագծերի աշխատանքների ֆինանսավորման մասին հարցը»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բյուջեի վերաբաշխմանը վերաբերող Կառավարության որոշման նախագիծ է։ Նախագծով առաջարկվում է իրականացնել 1 մլրդ 174 մլն դրամի ներքին վերաբաշխում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի տարբեր հատվածներում անհրաժեշտ պայմանագրային և ֆինանսավորման պարտականությունները իրականացնելու համար։ Մասնավորապես՝ շինարարական աշխատանքների ավարտական գումարի 5 տոկոսի վճարման, տեխնիկական ծառայությունների դիմաց վճարման, հանրության գերակա շահ ճանաչված հողամասերի սեփականատերերին փոխհատուցումների տրամադրման, ծրագրերի կառավարման ծախսերի փոխհատուցման, Մ6 միջպետական ճանապարհի վերականգնման, Պուշկինի թունելի վերակառուցման և Դիլիջանի նոր թունելի կառուցման նախագծային աշխատանքների դիմաց վճարումներ իրականացնելու համար»,- նշեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Վարչապետն արձագանքեց՝ նշելով.

«Ըստ էության, ճանապարհի մի մասը, որը վերաբերում է Աշտարակ-Գյումրի հատվածին, հանձնված է, և այստեղ ուղղակի հետշինարարության վճարներն ենք իրականացնում։ Նաև ուրախ եմ արձանագրել, որ ազդակը այն է, որ Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունը շատ լավ տեմպերով ընթանում է, և նաև Քաջարանի թունելի աշխատանքներն են լավ տեմպերով ընթանում, և մենք, իհարկե, շատ պատեհ ենք համարում նաև ընդհանուր տարածաշրջանային և միջազգային զարգացումների տրամաբանությամբ այս նախագծերի իրականացումը»։

Նմանատիպ նյութեր