211652_close_icon
views-count469 դիտում article-date 14:47 27-08-2026

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի մարզի Արարատ գյուղի զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց կառուցապատման իրավունքով տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
 
Ուսումնասիրության արդյունքում, ի թիվս այլնի, պարզվել է, որ Արարատ գյուղական համայնքի նախկին ղեկավարի կողմից Արարատ գյուղի Հաղթանակի 44/1 հասցեում գտնվող զբոսայգուց 20 քմ մակերեսով հողամասը 2007 թվականի օգոստոսի 10-ին կառուցապատման իրավունքով՝ 99 տարի ժամկետով, հատկացվել է ֆիզիկական անձի: Իրականացված ուսումնասիրության շրջանակներում պարզվել է, որ հողամասը կառուցապատողի կողմից նպատակային նշանակությամբ չի օգտագործվել:
 
Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Արարատ համայնքի ղեկավարին՝ Արարատ գյուղի և կառուցապատողի միջև 2007 թվականի օգոստոսի 10-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
 
Միջնորդագրի հիման վրա, Արարատի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2026 թվականի օգոստոսի 24-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Արարատ գյուղի Հաղթանակի 44/1 հասցեում գտնվող՝ 20 քմ մակերեսով, 375 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը:
 
Հիշեցնենք, որ դատախազի միջնորդագրի հիման վրա՝ 2026 թվականի օգոստոսի 24-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել էր Արարատ գյուղի Հաղթանակի 44/2 հասցեում գտնվող՝ 14 քմ մակերեսով, 262 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը:
 
Վերջին պայմանագրի լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:

Նմանատիպ նյութեր