211652_close_icon
views-count151 դիտում article-date 11:27 12-09-2026

Լարված իրավիճակ՝ Երևանում․ Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող թիվ 95 մանկապարտեզի բարեկարգումը՝ անվտանգ անցումների ու կանաչ տարածքների հաշվին․ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը բարձրաձայնում է խնդիրը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Զորավար Անդրանիկի փողոցում արդեն երկար ժամանակ է՝ ընթանում են թիվ 95 մանկապարտեզի շենք-շինությունների և հարակից բակի բարեկարգման աշխատանքները։ Բարեկարգման աշխատանքների շրջանակում, սակայն, փաստացի վնասվում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների և ծնողների տարիների ջանքերով ստեղծված կանաչ տարածքները, ինչպես նաև վտանգվում են կրթական տարբեր հաստատությունների միջև տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող անվտանգ անցումները։

Խնդիրը միայն կրթահամալիրի սովորողների և աշխատակիցների համար ստեղծվող անհարմարությունը չէ։ Այս անցումներից օգտվում են նաև «Բ1» թաղամասի բազմաթիվ բնակիչներ՝ տարբեր շենքերի, կրթական հաստատությունների և հարակից տարածքների միջև անվտանգ տեղաշարժվելու համար։

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, COP 17-ի հավաքի շրջանակում, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ներկայացուցիչները բարձրաձայնել են ստեղծված խնդրի մասին՝ նշելով, որ մանկապարտեզի բարեկարգումը չպետք է իրականացվի տարիներով ձևավորված անվտանգ, կանաչ և հասանելի միջավայրի հաշվին։

Կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի խոսքով՝ այդ անցումները ծառայում են ոչ միայն հազարավոր սովորողների և սաների, այլև «Բ1» թաղամասի մեծ թվով բնակիչների։ Նրա համոզմամբ՝ անթույլատրելի է բարեկարգման անվան տակ վերացնել կամ սահմանափակել այդ անցումները, հատկապես այն դեպքում, երբ կրթահամալիրն առաջարկում է ավելի մատչելի, անվտանգ, կանաչ և ներառական անցումներ պահպանելու ու ստեղծելու տարբերակներ։ Կրթահամալիրում ընդգծում են, որ մանկապարտեզի բարեկարգման աշխատանքներին դեմ չեն։ Խնդիրը քաղաքային միջավայրի ճիշտ կազմակերպումն է, որպեսզի մեկ տարածքի բարեկարգումը չստեղծի խնդիր մյուս կրթական հաստատությունների և թաղամասի բնակիչների համար։ Հարցը, ըստ կրթահամալիրի ներկայացուցիչների, պետք է լուծվի այնպիսի նախագծով, որը միաժամանակ կապահովի մանկապարտեզի բնականոն և անվտանգ շահագործումը, կպահպանի տարիների ընթացքում ձևավորված կանաչ տարածքները և չի զրկի սովորողներին, ուսուցիչներին, ծնողներին ու բնակիչներին իրենց ամենօրյա անվտանգ անցումներից։ Այսօր տեղի ունեցած հավաքի ընթացքում մասնակիցները ևս մեկ անգամ բարձրաձայնեցին իրենց պահանջը՝ բարեկարգումը պետք է իրականացվի ոչ թե գործող անվտանգ անցումների հաշվին, այլ դրանց պահպանման և զարգացման տրամաբանությամբ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր