211652_close_icon
views-count1690 դիտում article-date 11:00 19-09-2026

Ավտովթար՝ Երևանում․ Տերյան փողոցում բախվել են Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու «TOYOTA RAV4»-ը․ կան վիրավորներ. օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Ազատության պողոտայից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում՝ ժողովրդին հայտնի «Կուկուռուզնիկի» տակ բախվել են «TOYOTA RAV4» մակնիշի ավտոմեքենան և «JAC» մակնիշի միկրոավտոբուսը :

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները տեղում մի քանի հոգու բուժօգնություն են ցուցաբերել, սակայն հիվանդանոց են տեղափոխել 1 հոգու․ հրաժարվել են հիվանդանոց տեղափոխելուց։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները, գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են պարեկները։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունները փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի, օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «JAC»-ը սպասարկում է Հրազդան-Երևան թիվ 270 երթուղին։

Լուսանկարն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+

Նմանատիպ նյութեր