Այսօր Մինսկում պաշտոնապես կհայտարարվի ԵվրԱզԷՍ-ի վերացման մասին
Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի մասնակցությամբ Եվրասիական տնտեսական ընկերակցությունը (ԵվրԱզԷՍ) այսօր պաշտոնապես կդադարեցնի իր գործունեությունը: Այն ստեղծվել է ուղիղ 14 տարի առաջ՝ 2000 թվականի հոկտեմբերի 10-ին:
ԵվրԱզԷՍ-ի վերացման մասին այսօր կհայտարարվի Մինսկում, ուր տեղի է ունենալու նրա անդամ երկրների ղեկավարների հանդիպումը: Բացի այդ, Մինսկում կայանալու են ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի ու Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստերը:
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ ԵվրԱզԷՍ-ի վերացումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության գործարկմամբ, որը տեղի է ունենալու 2015 թվականի հունվարի 1-ին: Նախագահներն այսօր կստորագրեն այդ միավորման աշխատանքների դադարեցման մասին պայմանագիր: