Վիրահայոց թեմի առաջնորդի ուղերձը՝ Ամանորի եւ Սուրբ Ծնունդի առթիվ
Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Ամանորի եւ Սուրբ Ծնունդի առթիվ ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է.
«Հարյուրամյակներով սրբագործված Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները հույսի և հավատի աղբյուր են հանդիսանում մեր ժողովրդի համար: Դրանք դառնում են նոր արարումների ու տեսիլքների աղբյուր, խթան՝ նորանոր ձեռքբերումների և նվաճումների:
Անցնող 2014 թվականը եղավ Վրաստանի հավատացյալ հայության համար հաջողությունների և վերելքի տարի. ընդառաջ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հիշատակի խաչքարեր տեղադրվեցին Թբիլիսիում, Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում, Նինոծմինդայի շրջանի Մամզարա գյուղում և հուշարձան՝ Նինոծմինդա քաղաքում, կազմակերպվեցին հիշատակի բազմաթիվ միջոցառումներ:
Ուխտագնացությունների միջոցով վրացահայությունը հաղորդակից դարձավ Հայաստան աշխարհի և Արցախի տեսարժան վայրերին, գործուն մասնակցություն ունեցավ Վրաստան երկրի, Թբիլիսիի բազմաբնույթ ծրագրերին և միջոցառումներին: Ընթացիկ տարում պահպանվեց մշակութային միջավայրը, և վրացահայությունը ըմբոշխնեց իր մեծերի արարումները թատերական, դասական երաժշտության, ազգագրական երգի ու պարի, գրականության և արվեստի բնագավառներում:
Շարունակվեց եկեղեցաշինությունը ինչպես Ջավախքում, այնպես էլ Թբիլիսիում: Եվ այս ամենը Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ և քաջալերանքով, մեր բարերարների ազնիվ նվիրատվություններով, գործընկերների աջակցություններով, և ամենակարևորը՝ հավատացյալ մեր ժողովրդի, հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և համայնքային գործիչների անմնացորդ աշխատանքներով:
Վրացահայությունը մեծ ուրախությամբ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Եկեղեցում և «Հայարտուն» կենտրոնում հյուրընկալեց Վրաստան ժամանած Մայր Հայրենիքի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ պարոն Գալուստ Սահակյանին և ՀՀ վարչապետ պարոն Հովիկ Աբրահամյանին:
2015 թվականը Մայր Հայրենիք Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայության համար առանցքային նշանակություն ունի: Հայրենազրկված և ցեղասպանված հայությունը առավել համախմբված, հետևողական և պատասխանատու պիտի լինի համազգային նպատակների, արդարության և հատուցման համար արվող քայլերում:
Հավատում ենք հայության հաղթական ներկային և վաղվա լուսավոր ապագային»: