211652_close_icon
views-count2025 դիտում article-date 17:13 05-05-2015

Պատերազմի դաշտում` ամենը հանուն հիվանդի. ՀՀ վաստակավոր բժիշկ Ռոզալիա Լալայանը ստացավ ՀՀ Առողջապահության պատվոգիր. լուսանկարներ

Հայրենական Մեծ պատերազմում հայրենիքին մատուցած ծառայության և հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը պատվոգիր հանձնեց պատերազմի մասնակից, ՀՀ վաստակավոր բժիշկ Ռոզալիա Լալայանին: Գագիկ Միրիջանյանը շնորհավորեց անվանի բժշկուհուն հաղթանակի 70-ամյակի առթիվ` ընդգծելով, որ նրա կատարած աշխատանքն անգնահատելի է: «Մենք բարձր ենք գնահատում այն հերոսությունը, որը դուք կատարել եք»,- ընդգծեց փոխնախարարը` մաղթելով բժիշկ-վետերանին քաջառողջություն և երկար տարիների կյանք: 95-ամյա բժիշկ-վետերանը 1941 թվականին Լենինգրադի բժշկական համալսարանըում ուսանելու տարիներից ինքնակամ մեկնել է ռազմաճակատ, անցել պատերազմի ողջ դժվարությունների միջով, բուժօգնություն ցուցաբերել հարյուրավոր վիրավորների և տուժածների: «Լենինգրադում աշխատել ենք գիշեր, թե ցերեկ: Չկար ոչինչ, սոված էինք, ծարավ, բայց մենք դժվարությունների վրա ուշադրություն չէինք դարձնում և ամեն ինչ անում ենք հանուն հիվանդի և այդպես մինչև պատերազմի ավարտը, շուրջ 900 օր»,- հիշում է Ռոզալիա Լալայանը: Վիրաբույժ-վնասվածքաբանը, գիտաշխատողը, մանկավարժն ու հասարակական գործիչը հորդորում է կրտսեր գործընկերներին առաջին հերթին հասկանալ դիմացինի ցավը, լինել կարեկից և հոգատար: «Բժիշկը պետք է հոգի ունենա և բարությամբ օգնի տուժածներին և վիրավորներին: Երբ մեկնացի ռազմաճակատ մտածում էի միայն բժիշկի մասնագիտական պարտքը կատարելու մասին»,- շեշտում է բժշկուհին` մաղթելով բոլորին քաջառողջություն և մշտական հաղթանակներ: Այսօր էլ տարեց կինը մեծ սիրով պատասխանում է հիվանդների հեռախոսազանգերին, խորհուրդներ տալիս: Նա ունի չորս թոռ և յոթ ծոռ: Հետադարձ հայացք նետելով անցյալին վստահ է, որ պատերազմը չարիք է, որի դեմ պետք է պայքարել: Ռազմաճակատում Ռոզալիա Լալայանը կորցրել է կրստեր քրոջը` Սոֆիային, որի հիշատակն անմահացնում է Լենինգրադի շրջանում կանգնեցրած արձանը: Լալայան քույրերի պատմությունը տարբեր տարիների կտրվածքով անդրադարձ է ստացել ոչ միայն մամուլում, այլև գեղարվեստական ֆիլմերում: Ռոզալիա Լալայանը ծնվել է 1919թ. դեկտեմբերի 17-ին Թբիլիսիում: 1936-1941թթ. սովորել և ավարտել է Լենինգրադի 2-րդ բժշկական ինստիտուտը: 1941-1944թթ. եղել է զինվորական բժիշկ-վիրաբույժ Հյուսիս-Արևմտյան (Լենինգրադյան) Ճակատում, իսկ 1944-1946թթ. Անդրկովկասի ճակատի և նույն ճակատային գումարտակի կապի զինվորական բժիշկ-վիրաբույժ: 1946-1968թթ. Երևանի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ինստիտուտի գիտաշխատող էր, 1968-2011թթ.Զինդաշտային վիրաբուժության գծով ավագ դասախոս և քաղաքացիական պաշտպանության բժշկական ծառայության դասընթացի վարիչ, Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի (1992թ. ՀՀ ԱՆ Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի) թանգարանի տնօրեն: 1964թ. ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1966թ. շնորհվել ավագ գիտաշխատողի գիտական կոչում: 1970թ. շնորհվել է դոցենտի գիտական կոչում: Անվանի բժիշկը 40-ից ավել գիտական աշխատանքների հեղինակ է: Արժանացել է «Կարմիր Աստղ» շքանշանի, Հայրենական Մեծ Պատերազմի առաջին աստիճանի, ինչպես նաև Պատերազմի գործողությունների համար 14 ռազմական մեդալների, տասնյակ այլ պատվոգրերի: Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով նախարարությունում ստեղծվել է Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին բժշկական օգնություն և սպասարկում կազմակերպելու համակարգող խորհուրդ: ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Հայրենական Մեծ պատերազմում հայրենիքին մատուցած ծառայության և հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ ապրիլի 29-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Հիշում և հպարտանում եմ» խորագրով Հայրենական Մեծ պատերազմի մասնակից բժիշկ-վետերանների մեծարման միջոցառման ընթացքում պատվոգրեր են հանձնվել պատերազմի մասնակից 24 վետերան-բուժախատողների: ՀՀ առողջապահության նախարարության կողմից բժիշկ-վետերաններին տրամադրվել են բժշկական պարագաներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր