Այսքան երկար ականջներ, որ 200 տարում էլ չեն ունենա
«Կար-չկար, մի իշուկ կար: Նա ապրում իր տիրոջ՝ Սիմոն ծերունու հետ: Նրանք այնքան ծեր էին, որ նույնիսկ չգիտեին, թե քանի տարեկան էին: Եվ Սիմոն ծերունին ասում էր. «Ես բոլորից ծեր եմ՝ մորուքս վկա: Այսքան երկար մորուք, որ ես ունեմ, ուրիշները 100 տարում էլ չեն ունենա»: Իսկ իշուկն ասում էր. «Ես եմ բոլորից ծեր: Այսքան երկար ականջներ, որ ես ունեմ, ուրիշները 200 տարում էլ չեն ունենա»: Եվ նրանք վիճում էին»: Այսպես է սկսվում Ռոլանդ Շառոյանի «Իշուկ գորշուկը, որ գնում էր աշխարհին տեսության» հեքիաթը:
Ավագության մասին վեճն, ըստ էության, իրավունքի մասին վեճ է: Այսինքն, եթե Դուք ինչ-որ մեկից տարիքով մեծ եք, ուրեմն իրավունք ունեք նրան գարեջրի ուղարկելու: Սակայն վաղուց տարիքը չեն հարգում և ավագությունը հաշվի չեն առնում հասարակական հարաբերություններում: Չկա տարիքով մեծ մարդու նկատմամբ այն հարգանքը, որը կար նահապետական ժամանակներում: Այն ժամանակ հավասարություն չկար, և ավագի, տարիքով մեծի խոսքն օրենքի ուժ ուներ: Օրինակ. Զագս չկար, որ գրանցեր ամուսնությունը, և ամուսնացողներն իրենց միությունը հաստատում էին ծնողների, նահապետի օրհնությամբ: Այդ օրհնությունն օրինական էր դարձնում նրանց ամուսնությունը: Համայնքի կյանքը տնօրինում էր ավագների խորհուրդը, որն այդպես էլ կոչվում էր՝ ավագանի: Ներկայում ավագանին ՏԻՄ մարմին է, որի կազմում ընտրվելու տարիքային ցենզն ամենացածրն է: Այդ պատճառով ավագանու անդամները մեծ մասամբ անփորձ և անտարբեր երիտասարդներ են: Սա հավելյալ անգամ զավեշտի է վերածում ավագության կամ տարիքով մեծերի նկատմամբ հարգանքի մոռացվող ավանդույթը:
Նույն կերպ վերանայվել է նաև ազգերի, ժողովուրդների, քաղաքների տարիքի և ավագության մասին վերաբերմունքը: Կար ժամանակ երբ հին քաղաքը իրավունք ուներ բարձրից խոսելու երիտասարդ քաղաքների հետ: Սակայն ներկայում այդպես չէ: ԱՄՆ-ն Մեքսիկայի հետ համեմատած երիտասարդ պետություն է: Սակայն ԱՄՆ-ի միջազգային դերն անհամեմատ բարձր է, իսկ մեքսիկացիների մեծ մասը ձգտում է ապրել ԱՄՆ-ում: Աթենքը աշխարհի ամենահին քաղաքներից է, սակայն շատ վաղուց կորցրել է միջազգային հեղինակությունը: Նյու Յորքը երիտասարդ քաղաք է, հիմնադրվել է 17-րդ դարում, սակայն, լինելով գերտերության կենտրոններից մեկը, այնտեղ են որոշվում համաշխարհային նշանակության բազմաթիվ հարցեր, այնտեղ են անցկացվում ՄԱԿ-ի գագաթաժողովները: Արդյո՞ք Նյու Յորքը հաշվի է առնում իրենից հին քաղաքների տարիքը, և առանձնակի հարգանքո՞վ է վերաբերվում իրենից մի քանի դար կամ հազարամյակ մեծ քաղաքներին:
Ռոլանդ Շառոյանի հեքիաթի Սիմոն ծերունին իշուկին ասում էր, որ տարիքը կապ չունի, պետք է տեսնել աշխարհը: Այլ կերպ ասած՝ կարևորն այն է, թե ինչ ես տվել աշխարհին, ինչ ես արել մարդկության առաջընթացի և երջանկության համար, ինչ մշակութային և քաղաքակրթական արժեք ես ստեղծել: Հիմա դրանք են պայմանավորում միջազգային հարգանքը: Այսինքն կապ չունի քաղաքդ շատ ծեր է, թե երիտասարդ, այլ կարևոր է, թե մարդկությանը ինչ է տվել և ինչ կարող է տալ:
[b]Թաթուլ Մկրտչյան
[/b]