211652_close_icon
views-count2005 դիտում article-date 18:33 21-05-2026

Արտակարգ դեպք՝ Դիլիջանում. հերթական անգամ հրկիզել են քաղաքացուն պատկանող «Lexus»-ը. բնակիչներն ասում էին՝ եթե Դիլիջանի ոստիկանները նախորդ դեպքը բացահայտեին ու գտնեին հրկիզողին, սա տեղի չէր ունենա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Մայիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում, որտեղ հերթական անգամ հրկիզել են քաղաքացուն պատկանող «Lexus» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 03:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Գայի փողոցի 78 հասցեում ավտոմեքենա է այրվում։

Մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից, «Lexus» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են ավտոմեքենայի սեփականատեր 62-ամյա Արմեն Հ.-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրի։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի հերթապահ խումբն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային վարչության ծառայողները։

Դեպքի փաստով ոստիկանության Դիլիջանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սա առաջին դեպքը չէ, որ նշված քաղաքացուն պատկանող ավտոմեքենան հրկիզում են ու նախորդ դեպքը մինչ այժմ մնացել է չբացահայտված ու SHAMSHYAN.com զանգահարած քաղաքացիները նշում էին, որ իրենք հույս չունեն, թե Դիլիջանի ոստիկանները կբացահայտեն դեպքը և կհայտնաբերեն հրկիզողին, իսկ եթե նախկին դեպքը բացահայտվեր, ապա այս դեպքը տեղի չէր ունենա։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժած քաղաքացին իրավապահներին հայտնել է, որ ավտոմեքենան հրկիզելու հետևանքով իրեն պատճառվել է 10 մլն ՀՀ դրամի վնաս։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր