Ողբերգական ավտովթար Վարդենիս քաղաքում. բախվել են «Lada Priora»-ն և «ՎԱԶ-2107» ավտոմեքենաները. կա 2 զոհ և 3 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` ապրիլի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Չարենց փողոցից դեպի Մեծ Մասրիկ գյուղ տանող ճանապարհին բախվել են «Lada Priora» մակնիշի 80 MR 808 համարանիշի և «ՎԱԶ 2107» մակնիշի 34 DQ 196 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի և դասակի հրամանատար` Արա Շահնազարյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր են ժամանել քննչական խումբը` քննիչ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ քննիչ Կ. Գրիգորյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր-ի 242 հոդվածի 3-րդ մասին (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել և 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, «Priora»-ի վարորդը Ակունք գյուղի բնակիչ է, իսկ «ՎԱԶ 2107»-ի վարորդը` Մեծ Մասրիկի: