Եթե Աղդամը չենք համարում մեր հայրենիք, Տիգրանակերտը պետք է համարենք ադրբեջանական քաղաք. քննարկում
Անդրադառնալով ադրբեջանական «Ազերթաջ»-ին տված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարցազրույցում տեղ գտած շեշտադրումներին` Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց, որ սրանով հետդարձ է կատարում Հելսինկյան եզրափակիչ ակտին:
«Որն այս 25 տարվա ընթացքում ոչ մի արդյունք չտվեց: Խնդիրը, կարծես, մտած է փակուղի»,-ասաց դիվանագետն ու ավելացրեց, որ մտածող մարդիկ հանգել են եզրակացության, որ տարածքների հանձման մասին խոսք լինել չի կարող: Դա կնշանակի կանգնել բնաջնջման շեմին»:
Շարունակելով` նա ասաց, որ զարմանում է Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:
«Այս պահին անհրաժեշտ էր իրենց միջամտությունը, եթե հարցը չտեղափոխվի իրավական դաշտ, որտեղ անհամեմատելի ավելի ուժեղ դիրքեր ունենք, ուրեմն իսկապես տանուլ ենք տալիս քաղաքական հարթության մեջ: Ժամանակն է, որ Բակո Սահակյանն ու ԼՂՀ խորհրդարանը խոսեն»,- Արման Նավասարդյանին լրացրեց ասուլիսին ներկա ՀՀ դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը:
Ըստ նրա` միակ ընդունելի տարբերակը կարող է լինել փոխզիջումայինը՝ «տարածք՝ տարածքի դիմաց» սկզբունքով:
Այսինքն` զիջվու՞մ է Ադրբեջանին 5 տարածքներից մեկը, երկուսը, դրա փոխարեն հայկական կողմին են վերադարձվում Շահումյանը, Գետաշենը, բայց կան տարածքներ, ըստ նրա, որոնց հանձնումը անհնար է: Դրանք են` Քելբաջար, Լաչին, Աղդամ, քանի որ սրանով պաշտպանական գիծն ենք հանձնում:
«Սրանից ելնելով պետք հիմնավորել մեր դիրքրոշումը, որ տարածքներն ազատագրված են: Եթե Աղդամը չենք համարում մեր հայրենիք, Տիգրանակերտը պետք է համարենք ադրբեջանական քաղաք, Տիգրանակերտը Աղդամի տարածքում է ձևավորված, ինչը նշանակում է, որ իսկապես հայկական հողեր են եղել, սակարկության առարկա դարձնել սա, ուղղակի աններելի է»,-ասաց Արամ Սարգսյանը: