Անջելինա Ջոլին աշխարհի առաջնորդերին կոչ է արել այցելել Հորդանանում տեղակայված սիրիացի փախստականների ճամբար
Աշխարհահռչակ դերասանուհի, ՄԱԿ-ի հատուկ դեսպան Անջելինա Ջոլին այցելել է Հորդանանում տեղակայված սիրիացի փախստականների ճամբար: Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները:
Դերասանուհին կոչ է արել աշխարհի առաջնորդերին գտնել սիրիական ճգնաժամի լուծումը, այցելել փախստականների ճամբար, որտեղ կիզիչ արևի տակ տեղակայված հազարավոր վրանների մեջ գոյատևում են կանայք, երեխաներ, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ ապրում են բաց երկնքի տակ՝ զրկված կյանքի տարրական պայմաններից:
Արդեն հինգերորդ տարին շարունակվող սիրիական պատերազմի պատճառով Հորդանան է տեղափոխվել շուրջ մեկուկես միլիոն փախստական:
Նրանք ապրում են Հորդանանի տարբեր քաղաքներում, իսկ շուրջ 100 հազարը՝ փախստականների ճամբարներում:
Հիշեցնենք, որ Սիրիայում 2011թ.-ից սկսած պատերազմը 250 հազար կյանք է խլել, իսկ ավելի քան 11 միլիոն մարդ առանց օթևան են մնացել: