CNN-ը հրապարակել է ժամանակին Մոսկվայում ծրագրված Trump Tower երկնաքերի շինարարության մասին փաստաթուղթը
CNN հեռուստաալիքը հրապարակել է փաստաթուղթ, որն ապացուցում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի ժամանակ ծրագրվել էր Մոսկվայում կառուցել Trump Tower երկնաքեր։
Փաստաթուղթը թվագրված է 2015 թվականի հոկտեմբերին։ Նրանում ասվում է, որ երկնաքերը, որն այդպես էլ չկառուցվեց, պետք է կոչվեր «Trump World Tower Moscow»: Շենքում պետք է գործեին անշարժ գույքի կոմերցիոն գրասենյակներ, բարձրակարգ հյուրանոց, սպա կենտրոն՝ «Իվանկա Թրամփ» անվանումով և այլն։
Բացի այդ, հեռուստաալիքը հրապարակել է ռուսական ծագումով ամերիկացի գործարար Ֆելիքս Սեթերի նամակը՝ ուղղված Թրամփի ներկայիս իրավաբան Մայքլ Քոենին, ով այն ժամանակ զբաղեցնում էր Trump Organization-ի գործադիր փոխնախագահի պաշտոնը։
Ըստ CNN-ի տվյալների՝ Սեթերը միջնորդ է հանդես եկել ռուսական ու ամերիկյան կողմերի միջև բանակցություններում։