Ընդդիմադիր խմբակցությունների անդամների քանակը կապ չունի. Հայկ Մարությանը հուզված է
Շատ լավ տրամադրությամբ եմ եկել, աշխատանքային. պետք է բոլոր երեւանցիների հույսներն արդարացնենք, իհարկե հուզված եմ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստից առաջ լրագրողներին ասաց Երեւանի «Իմ քայլը» խմբակցության ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը:
«Ես վստահեցնում եմ բոլոր այն մարդկանց, որոնք ասում են՝ ընդդիմություն չի լինելու, մեր խմբակցությունում այնպիսի մեծ ընդդիմություն կա, որ այլ ընդդիմության կարիք էլ չկա: Բացի այդ, ավագանիում կա ընդդիմություն: Ընդդիմադիր խմբակցությունների անդամների քանակը կապ չունի: Եթե մեկ հոգի էլ լիներ, մենք շատ ուշադիր լսելու էինք: Եթե լավ առաջարկ լինի, հետաքրքիր առաջարկ լինի, անպայման ի կատար ենք ածելու»,-հայտարարեց նա:
Նշենք, որ այսօր օրենսդրությամբ սահմանված կարգով Հայկ Մարությանը ավտոմատ կարգով կդառնա Երեւանի քաղաքապետ: