211652_close_icon
views-count2713 դիտում article-date 11:10 15-09-2026

Քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ասել է իրեն՝ «շաքարավազի գործով մի զբաղվիր, դա 30 տարուց ավելի Սամվել Ալեքսանյանի բիզնեսն է, հակառակ դեպքում ծանր խնդիրներ կունենաս»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է դիմել Երևանի բնակիչ 36-ամյա Հարություն Ք.-ն և հայտնել, որ 2025 թվականի ապրիլ ամսին ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ցուցումով Երևանում իր հետ համատեղ բնակվող իր քրոջ՝ Ալլա Ք.-ի անվամբ Հայաստանում հիմնել են «Սմարթ Կարգո» ընկերությունը, որը պետք է զբաղվեր Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան շաքարավազ ներկրելով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հարություն Ք.-ն քրեական ոստիկաններին հայտնել է, որ այդ ամենը գլուխ բերելու համար գումարը պետք է ներդներ Հ. Աբրահամյանը, ով սակայն չնչին գումար է ներդրել, իսկ որոշ ժամանակ անց ընկերությունից հանել է ողջ գումարը։

Նա հայտնել է նաև, որ Հ. Աբրահամյանի ցուցումով և միջնորդությամբ վերցված 470 միլիոն դրամ վարկը, դիտավորությամբ ստեղծելով սնանկության հատկանիշներ, իրեն պատճառվել է գույքային վնաս՝ բաց թողնված օգուտի ձևով, որը կազմել է շուրջ 6-7 միլիոն դոլար, և այդ ամենը պատճառվել է պայմանագրերով նախատեսված 100 հազար տոննա շաքարավազի խմբաքանակը չներմուծելու արդյունքում օրական շուրջ 16 միլիոն դրամ տուժելու ձևով։

Հարություն Ք.-ն հայտնել է նաև, որ Հ. Աբրահամյանը 2026 թ. մայիս ամսից իրենից պահանջել է, որ առհասարակ չզբաղվի շաքարավազի ներկրմամբ, միայն միջնորդ հանդիսանա, որ շաքարավազ ներկրի ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որի դիմաց առաջարկել է 15-20 հազար դոլար գումար, քանի որ դա 30 տարուց ավելի համարվել է Ս. Ալեքսանյանի բիզնեսը, հակառակ դեպքում իրեն սպառնացել է, որ ոտքերը կջարդեն կամ մի օր մի տեղ կխփեն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կազմված փաստաթղթերը ոստիկանությունից փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտե։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր