Զոհված զինծառայողների ընտանիքի անդամների կրթությունը դարձավ անվճար. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ( 86 «կողմ» ձայն) ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Այն հեղինակել է խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը:
Օրինագծով առաջարկվում է լրացում կատարել օրենքի 67-րդ հոդվածում, ըստ որի զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքի անդամները` ծնողներն ու ամուսինը, կարող են ուսանել ՀՀ պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններում` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Ներկայում պետական բարձրագույն ուսումնական բոլոր հաստատություններում ուսանում են զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքների 12 անդամներ: