211652_close_icon
views-count3327 դիտում article-date 11:00 09-09-2021

Մերժել կեղծ այլընտրանքները՝ հայտնվելով ճնշող փոքրամասնության մեջ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կալանավորումը խանդավառություն է առաջացրել իշխանության կողմնակիցների շարքերում: Այդ իրադարձությունը տեղավորվում է մեր քաղաքացիների մեծամասնության այսօրվա «հայկական երազանքի» մեջ՝ պատժել հայտնի բացասական կերպարներին: (Քաշաթաղում թուրք-ադրբեջանական զորավարժությունների թեման այդ զանգվածին էապես ավելի քիչ է հուզում):

Չնայած համընդհանուր հրճվանքը չեմ կիսում, բայց շատ լավ հասկանում եմ, որ, աշխատելով Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ստեղծած համակարգում, Աղվան Հովսեփյանը չէր կարող չգործել քրեորեն պատժելի, կոռուպցիոն բնույթի արարքներ: Ուրիշ հարց, որ ներկայիս ՀՔԾ-ին դժվար կլինի ապացուցել այդ արարքները, քանի որ այդ կառույցում, իմ տպավորությամբ, հավաքվել են ավելի թույլ իրավաբաններ, քան Աղվան Հովսեփյանն է: Նման եզրակացության կարելի հանգել, ելնելով, օրինակ, այն հանգամանքից, որ ՀՔԾ-ն ժամանակին տեղի էր տվել քաղաքական ճնշմանը եւ երկրորդ նախագահի դեմ առաջ էր քաշել սահմանադրական կարգի տապալման անհեռանկարային մեղադրանքը: Հետեւաբար, շատ հավանական է, որ Աղվան Հովսեփյանի գործը, նման այլ գործերի նման, ձգվի տարիներով եւ կամաց-կամաց մարի:

Բայց այստեղ ուզում եմ ընթերցողների ուշադրությունը դարձնել մեկ այլ հանգամանքի վրա: Հատկապես համացանցային դարում, երբ որոշակի հասարակական կարծիք է ձեւավորվում, անխուսափելիորեն ճնշում է սկսվում այն մարդկանց վրա, որոնք հոսանքին դեմ են գնում: Սովորաբար այդ ճնշումն իրականացվում է, այսպես կոչված, «սեւ-սպիտակ փաստարկումով»: Դուք կա՛մ համարում եք Աղվան Հովսեփյանին հրեշտակ, կա՛մ պահանջում եք նրան անհապաղ գնդակահարել: Դուք կա՛մ պիտի ողջունեք 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավումը, կա՛մ արդարացնեք այն անօրինականությունները, որոնք այն ժամանակ գործում էին իշխանությունները: Դուք կա՛մ նիկոլական եք, կա՛մ քոչարյանական:

Նույնը՝ ավելի բարդ հարցերում: Դուք կա՛մ պետք է հայտարարեք, որ բոլոր աղքատ մարդիկ վատ վիճակում են հայտնվել իրենց մեղքով, իրենց ունակությունների բացակայություն պատճառով (եւ այդ դեպքում «ազատական» եք), կա՛մ էլ պիտի կողմ լինեք, որ բոլոր բարիքները բաշխվեն հավասարաչափ, համահարթեցված ձեւով (ուրեմն «սոցիալիստ» եք): Երկու դեպքում էլ չակերտներ եմ օգտագործում, որովհետեւ իրական ազատականությունն ու սոցիալիզմը նման տափակ երեւույթներ չեն: 

Բոլոր թվարկած «այլընտրանքները» կեղծ են, դրանք միտումնավոր կերպով փաթաթվում են մեր վզին: Մեզ դեմ են տալիս երկու՝ հավասարապես վատ տարբերակ եւ պահանջում են՝ «ընտրեք դրանից մեկը»: Խնդիրը երկուսին էլ վճռական «ոչ» ասելն է՝ հայտնվելով ճնշող փոքրամասնության մեջ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր