Ընդդիմադիր Նիկոլը կասեր՝ «մարդասպան կորտեժ». Թագուհի Թովմասյան
Անթույլատրելի է վրաերթի ենթարկված հղի կնոջը անօգնական թողնել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ, նախնական տվյալներով՝ երեկ՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Ցավով եմ տեղեկանում, որ նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել:
Ընդդիմադիր Նիկոլը կասեր՝ «մարդասպան կորտեժ»․․
Ցավակցում եմ մեր քաղաքացու հարազատներին։ Հուսով եմ՝ մեղավորները կստանան արժանի պատիժ օրենքի ամբողջ խստությամբ։ Հետևողական եմ լինելու:
Հ. Գ. Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավար Սոնա Մնացականյանն էր մահացողը: Բացառիկ հայրենասեր ու հոգատար կին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Գոռ Թադևոսյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ և քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել էր երեկ՝ ապրիլի 26-ին, Երևանում Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթ կատարած վարորդի և վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարուցված քրգործի շրջանակում պարզվել էր՝ Toyota Prado-ն վարել էր Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Արամ Նավասարդյանը, իսկ վրաերթի հետևանքով մահացածը Արարատի մարզի բնակիչ, 29-ամյա Սոնա Մնացականյանն էր:
Քննիչի հանձնարարականով ոստիկանական համարանիշներով Toyota Prado-ն տեղափոխվել էր ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Նավասարդյանը աշխատում է ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտում՝ որպես հրամանատար, կոչումով մայոր է, իսկ մահացածը ոչ մի մասնակցություն և առնչություն չի ունեցել Երևանում տեղի ունեցող ցույցերին, բողոքի ակցիաների և ճանապարհ փակելու հետ:
Քննիչի որոշմամբ վրաերթ կատարողը ձերբակալվել է:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի