211652_close_icon
views-count5401 դիտում article-date 21:20 28-05-2022

Ամսի 3-ը լինելու է իրենց քաղաքական գերեզմանը. Իշխան Սաղաթելյան, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թշնամական ծրագիրը դատապարտված է ձախողման, քանի որ հայ ժողովուրդը որոշել է չվերանալ:  Այս մասին Ֆրասիայի հրապարակում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Ողջույն, սիրելի հայրենակիցներ։

Նախ ցանկանում եմ շնորհավորել մեր անկախության և պետականության վերակերտման օրը՝ մայիսի 28-ը։ Այսօր մեր ամենալուսավոր տոներից մեկն է։

1918թ. մայիսի 28-ին մեր նախնիներն իրագործեցին անհնարը՝ համախմբեցին ցեղասպանված ժողովրդին, միավորեցին նրանց, հավատք և ուժ ներշնչեցին ու, հաղթելով թշնամուն, ստեղծեցին հայկական պետականություն։ Երբեք մեր ժողովուրդն այդքան ծանր կացության մեջ չի եղել, որքան 1918-ի մայիսին։ Երբեք մենք այդքան լքված չենք եղել, որքան այն ժամանակ։ Եվ երբեք իրավիճակն այդքան անհույս չէր, որքան Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման նախաշեմին։ Բայց, «Երբ չի լինում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»․․․

Այդ խենթերը՝ հայկական պետականության հիմնադիր հայրերը, կատարեցին ամենակարևոր ընտրությունը՝ անկախ և ազատ հայրենիք ունենալը նրանք գերադասեցին ամեն ինչից։

Ստանձնելով հսկայական պատասխանատվություն՝ նրանք դարձան մեր ժողովրդի ամենալուսավոր զավակների ժառանգը, քաոսից և համատարած ավերածություններից պետություն ստեղծեցին,  գրադարաններ, դպրոցներ ու համալսարաններ հիմնեցին Հայաստանում։

Նրանք դարձան մեր ժողովրդի ամենահոգևոր զավակների ժառանգը ու եկեղեցի, մշակույթ և արվեստ զարգացրին Հայաստանում։

Նրանք դարձան մեր ժողովրդի ամենախիզախ զավակների ժառանգը ու կրկին ազգային բանակ ստեղծեցին Հայաստանում։ Նրանք դարձան նախորդ դարասկզբի Մաշտոցները, Նարեկացիներն ու Վարդան Մամիկոնյանները՝ վերջիններիս պատգամը փոխանցելով հայ ժողովրդի գալիք սերունդներին։

Այդ ճակատագրական պահին ժողովրդին համախմբելու, կազմակերպելու քաղաքական պատասխանատվությունը ստանձնեց օրվա գլխավոր քաղաքական ուժը՝ ՀՅԴ-ն։

104 տարի առաջ մեր հիմնադիր հայր Արամ Մանուկյանը ասում էր․ «Շարժվի՛ր, հայ ժողովուրդ, դու որոշած ես չի չքանալ այս աշխարհեն»։

104 տարի առաջ մեր նախնիները դուրս եկան պայքարի, հաղթանակեցին, որ ծնվի Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Այսօր տասնյակ հազարավոր հայեր կրկին դուրս են եկել պայքարի։

Ցավոք, մեր ժողովրդի մղած հերոսամարտերից, պետականության վերակերտումից ավելի քան մեկ դար անց մենք վերստին կանգնած ենք գոյաբանական նույն խնդրի առջև։

Մեր առջևում մեզ ցեղասպանած նույն թշնամին է՝ նույն  ծրագրերով և գործիքներով։ Սակայն նույնն ենք նաև մենք՝ Սարդարապատ ու Բաշ Ապարան հաղթած, Արցախ ազատագրած հայերս։

Ուրեմն, այս անգամ էլ թշնամական ծրագիրը դատապարտված է ձախողման, քանի որ հայ ժողովուրդը որոշել է չվերանալ աշխարհի երեսից։

Ճակատագիրը մեզ չի թողնում այլընտրանք։ Այս պայքարը հայ ժողովրդի գոյության կռիվն է, արժանապատվության կռիվն է, նամուսի կռիվն է, հետևաբար, սա սրբազան կռիվ է և ավարտվելու է հաղթանակով:

Եվ դա մենք արեցինք միասին, արեցինք՝ ի տես աշխարհի, ի տես մեր թշնամիների ու բարեկամների, մենք մեր այս մեկամսյա պայքարի ընթացքում փաստել ենք․

-Հայ ժողովուրդը  ծնկի չի՛ եկել, պատրաստ է պայքարել իր հայրենիքի համար,

-Հայ ժողովուրդը  չի՛  ընդունում օրվա իշխանության՝ երկիրը կտոր-կտոր հանձնելու քաղաքականությունը,

-Նիկոլը չունի՛ մանդատ ժողովրդի կողմից երկիրը տանելու նոր զիջումների,

-Նիկոլը չունի՛ ժողովրդական աջակցություն, հետևաբար լեգիտիմ չէ, նրա միակ հենարանը ուժային կառույցներն են։

Այս պայքարի ձեռքբերումներն, իսկապես, շատ են։ Մեզ բոլորիս համատեղ ջանքերով հաջողվել է մոբիլիզացնել անհավանական ուժ։ Մեզ հաջողվել է համախմբել ամենատարբեր նախասիրություններ, հետաքրքրություններ և զբաղմունքներ ունեցող, բայց պետականություն ունենալ ցանկացող արժանապատիվ մարդկանց։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր