211652_close_icon
views-count20356 դիտում article-date 17:29 07-07-2025

Բնակիչներն ասում էին՝ «Մինչև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը չմիջամտեց, «Վեոլիա ջրի» փնթի աշխատանքը չուղղվեց. վստահ ենք, որ մեր փողոցում այլևս «ավարիաներ» չեն լինի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

SHAMSHYAN.com-ը հուլիսի 4-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Խորեն Խաչատրյան փողոցում ըստ բնակիչների հայտնածի՝ «Վոելիա ջուր» ընկերության թերի աշխատանքի պատճառով իրենց փողոցում տիրող «անարխիա» վիճակից՝ մեղադրելով, որ ունքը սարքելու փոխարեն աչքն են հանել: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից ժամեր անց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ դեպքի վայր է ժամանում Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը, որից հետո շաբաթ և կիրակի օրերին Երևանի քաղաքապետարանի ու Աջափնյակ թաղապետարանի աշխատակիցները ձեռնամուխ են լինում «Վեոլիա ջրի» վտանգավոր ու լուրջ թերությունը վերացնելու գործում: 
 
Այսօր՝ հուլիսի 7-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները իրենց շնորհակալությունն էին հայտնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանին՝ ասելով. 

Անկեղծ ասած՝ չէինք հավատում, որ Երևանի քաղաքապետարանը բավականին օպերատիվ կարձագանքեր, բայց հալալ ա, էդ մարդիկ հանգստյան օրերին, որ պետք է հանգստանային, առավոտից մինչև մութն ընկնելը աշխատանքները կատարեցին բարձր որակով: 

Նախ՝ հեռացրեցին անորակ ասֆալտը, սարքեցին «ճողվածք» ստացած դիտահորը, իսկ այսօր արդեն ամբողջությամբ ասֆալտապատեցին: 

Ողջ փողոցի բնակիչներով նորից շնորհակալություն ենք հայտնում քաղաքապետին, թաղապետին, որ ընդառաջեցին մեր խնդրանքը ու մեզ փրկեցին այդ վտանգավոր փողոցում վթարների տեսարանները տեսնելուց, քանի որ մինչև էս տեսակ բարձր որակի աշխատանքներ կատարելը ճանապարհն անտանելի վիճակում էր: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բազմիցս անգամներ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցությունների ժամանակ հայտարարել էր, որ Երևանում, եթե որևէ ընկերություն՝ հիմնականում՝ «ՀԷՑ», «Վեոլիա Ջուր», «Գազպրոմ Արմենիա», մասնավոր ընկերություններ, իրականացնեն ճանապարհներին շինարարական աշխատանքներ, ապա դրանից հետո պարտավոր են հաշված օրերի ընթացքում ասֆալտապատել իրենց կողմից ստեղծված փոսը, հակառակ դեպքում չանողների նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ։

Տևական ժամանակ էր, ինչ Աջափնյակ վարչական շրջանի Խորեն Խաչատրյան փողոցում «Վեոլիա Ջուրը» ինչ-որ նոր աշխատանքներ է իրականացրել՝ ըստ բնակիչների հայտնածի՝ իբրև թե ջրագծերն է փոխել, որից հետո կատարել է ասֆալտապատման աշխատանքներ, բայց այն մի իսկական փորձանք է դարձել հարևանությամբ ապրող բնակիչների ու վարորդների համար։

Մի քանի ամիս է, «Վեոլիա Ջուր»-ի կողմից ասֆալտապատված այդ հատվածը նստվածք էր տվել ու շարունակում էր դեռ տալ, ինչի պատճառով էլ մի քանի անգամ տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Գրեթե ամեն օր 5-6 ավտոմեքենա ջարդվում է՝ անցնելով այդ հատվածով, ու վարորդները ամենավերջին խոսքերն են ուղղում պատասխանատուներին։

Հուլիսի 4-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․

«Էս ինչ գլխառադ գործ արեցին, ունքը սարքելու տեղը՝ աչքը հանեցին։

Հետաքրքիր է՝ թաղապետը ի՞նչ է մտածում։ Ահազանգում ենք թաղապետարան՝ ասում են դա մեր գործը չէ, պետք է «Վեոլիան» անի։ Զանգահարում ենք «Վեոլիա», սկզբում բարեհամբույր պատասխաններ էին տալիս հեռախոսազանգերին, բայց արդեն մեկ շաբաթ է՝ ոչ մի արձագանք։ Երևի իրենց մոտ կամ մեռյալ սեզոն է, կամ էլ մեր համարները իրենց ուղեղում չիպավորել են ու տեսնում են, որ մենք ենք՝ չեն պատասխանում։

Իսկ Երևանի քաղաքապետն էլ, որ խորհրդակցությունների ժամանակ խիստ հայացքով, «Լևիտանի» ձայնով հանձնարարականներ է տալիս, գոնե հետևողական թող լինի, որպեսզի դրանք կատարվեն։ Էս ի՞նչ է։ Տպավորություն է, որ քաղաքապետարանը ավելի շատ շոու է անում, քան գործ։

Ամեն օր ավտոմեքենաներ են ջարդվում, շաբաթվա մեջ էլ 2-ից ավելի ավտովթարներ են լինում, ու դրա հիմնական պատճառը էս անորակ գործն է։

Էլ չենք ասում, որ գիշերը քնած ես լինում, ամառ ա, լուսամուտները բաց վիճակում, ավտոմեքենաները էնպես են ընկնում էդ հատվածի մեջ, որ թվում է թե երկրաշարժ է»։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր

Այս բաժնից