211652_close_icon
views-count1201 դիտում article-date 19:17 12-12-2025

Կիբերհարձակման և ապատեղեկատվական արշավի համար Գերմանիայի կառավարությունը Ռուսաստանին է պատասխանատու համարում․ Գերմանիայի ԱԳՆ խոսնակ

Գերմանիայի ՍԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին՝ կապված 2025 թվականի փետրվարին Բունդեսթագի վաղաժամկետ ընտրություններից առաջ խոշոր կիբերհարձակման և ապատեղեկատվական արշավի հետ։ Գերմանիայի կառավարությունը Ռուսաստանին է պատասխանատու համարում այս գործողությունների համար, ասել է Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Մարտին Գիզեն, հայտնում է DW-ն:

Խոսքը վերաբերում է 2024 թվականի օգոստոսին Գերմանիայի օդային երթևեկության կառավարման համակարգի վրա կատարված կիբերհարձակմանը, որը հստակորեն վերագրվում է ռուսական Fancy Bear հաքերային խմբին, բացատրել է ԳԴՀ ԱԳՆ խոսնակը։ «Մեր հետախուզական տվյալները վկայում են, որ այս հարձակման համար պատասխանատու է Ռուսաստանի ռազմական հետախուզական գործակալությունը՝ ԳՀՎ-ն»,- հավելել է նա։

Ավելին, այժմ կարելի է վստահորեն ասել, որ Ռուսաստանը, Storm-1516 կոդային անվամբ ապատեղեկատվական արշավի միջոցով, փորձել է «ազդել և անկայունացնել ինչպես Բունդեսթագի վերջին ընտրությունները, այնպես էլ Գերմանիայի այժմյան ներքին գործերը», - հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարությունը։

2025 թվականի փետրվարի 23-ի արտահերթ ընտրություններից երկու օր առաջ Գերմանիայի կառավարությունը հայտարարեց, թե գերմանական հետախուզական ծառայությունները տեղեկություններ են ստացել, որ առաջիկա ընտրություններում ենթադրյալ ընտրակեղծիքները պատկերող կեղծ տեսանյութերը ռուսական ապատեղեկատվական արշավի մաս են կազմում։

Գերմանիայի ԱԳՆ խոսնակի խոսքով՝ Բեռլինը հավաստի տեղեկություններ ունի, որ այս արշավը ղեկավարել են Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության աջակցությունը վայելող կազմակերպությունները։

«Ռուսաստանը շատ իրական սպառնալիք է մեր անվտանգության համար»,- հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ խոսնակը։ Նա հավելել է, որ ռուսական սպառնալիքը բխում է ոչ միայն Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմից, այլև Գերմանիայի դեմ նրա գործողություններից։ Գերմանիայի կառավարությունը, իր եվրոպացի գործընկերների հետ համակարգված, «կձեռնարկի մի շարք պատասխան միջոցներ, որպեսզի Ռուսաստանը վճարի իր հիբրիդային պատերազմի համար»,- հավելել է Գերմանիայի ԱԳՆ խոսնակը։

Նմանատիպ նյութեր