211652_close_icon
views-count43099 դիտում article-date 19:36 02-02-2026

Հրազդան քաղաքում մերկասառույց ճանապարհները վարորդների ու հետիոտների համար դարձել է վտանգավոր, դիտահորերից դուրս եկող կեղտաջրերը մի իսկական փորձանք, տանիքներից թափվող ձյունն էլ իր սև գործն է անում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին օրերին Հանրապետությունում տեղացած առատ ձյունը իր անհարմարություններն է ստեղծել նաև Կոտայքի մարզում։ Հրազդան քաղաքում ավելի շատ կհանդիպես մերկասառույց ճանապարհների, այդ թվում բակային հատվածներում, կհանդիպես նաև դիտահորերից քաղաքի մեծ մասում դուրս եկող կեղտաջրերի, որը գարշահոտ է տարածում տարածքում ու ստեղծում հակասանիտարական վիճակ։ Անգամ թաղամասեր կան, որտեղ կեղտաջրերը հասնում են դպրոցներ, ու այդ տարածքը դառնում է կեղտաջրերի մերկասառույց-սահադաշտ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խնդիրը ոչ միայն մերկասառույց ու քայլելու համար վտանգավոր անցնող ճանապարհներն ու մայթերն են, այլ նաև Հրազդանի քաղաքապետարանի և համատիրությունների ոչ սրտացավ աշխատանքի արդյունքում տանիքներից ձյունը թափվում ու վնասում է մարդկանց ավտոմեքենաները, ինչը տեղի է ունեցել օրերս՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկում։ Ձյունը թափվել ու վնասել էր քաղաքացու «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենան։

Իսկ վնասված ավտոմեքենայի համար ով է փոխհատուցելու՝ մնում է գլուխկոտրուկ։
Հետաքրքիր է՝ եթե ջարդվեր-վնասվեր որևէ պետական պաշտոնյայի ավտոմեքենա, նորից կցուցաբերե՞ին քար անտարբերություն ու կառաջնորդվեի՞ն «եղունգ ունես, գլուխդ քորի» սկզբունքով, թե կտրվեր փոխհատուցում՝ դա նույնպես գլուխկոտրուկ է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը՝ արդեն մի քանի օր է՝ Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 113, 111 շենքերի բնակիչները ահազանգում են SHAMSHYAN.com և իրենց արդարացի վրդովմունքն ու զայրույթն են ուղղում «Վեոլիա Ջուր» ընկերության և Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանի հասցեին։

Այսօր՝ հունվարի 31-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Երկար ու ձիգ տարիներ է՝ չեն փորձում էս ամբողջ թաղամասը փրկել գարշահոտից, չեն ցանկանում, որպեսզի մեզ մոտ էլ վերանա էդ հակասանիտարական վիճակը։ Էլ չգիտենք՝ որ կառույցին դիմենք։

Թե՛ «Վեոլիա Ջուր»-ը, թե Հրազդանի քաղաքապետարանը այդ հարցում ոնց որ իրար հետ համագործակցեն։ Ամոթն էլ լավ բան է։ Ասում են՝ բնակիչները պիտի պահեն սանիտարահիգիենիկ պայմաններ, բայց իրենք իրենց տված խորհրդի պահպանումը անտեսում են։ Ով է տեսել 21-րդ դարում սպառողը կանոնավոր վճարում անի, բայց ստանա նման սպասարկում։ Հոտն այնքան է տարածվում, որ նույնիսկ մի քանի հարյուր մետրից ես զգում։

Երեխաներին դպրոց ու մանկապարտեզ ենք տանում էդ գարշահոտի միջով։ Երբ դիմում ես՝ նույն պատասխանն է․ «Տեղյակ ենք, մի բան կանենք», կամ էլ՝ «Ձեր հայտը գրանցել ենք»։ Բա հայտ գրանցելով խնդիրը կլուծվի, իհարկե՝ ոչ։

Միակ հույսերս արդեն մեր մարզպետ Ահարոն Սահակյանն է, որ գոնե նրա միջամտության արդյունքում վերջապես էս խնդիրը լուծվի։

Էլ չենք ասում, որ էդ կեղտաջրերի պատճառով էս բարձրահարկ շենքերի հիմքերը թուլանում են, ամբողջ նկուղները լցված են կեղտաջրով։

Հիմա ձմեռ է, կեղտաջուրը սառել է, բայց գարուն-ամառ-աշուն՝ նկուղները ամբողջությամբ կեղտաջրի մեջ են։

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր