211652_close_icon
views-count1279 դիտում article-date 20:15 15-05-2026

Հայկ Պետրոսյան. «Մարդկությունն, ասես, գերի ընկած լինի հոգեկան խնդիրներ ունեցողների ձեռքը»․ News.am

Երգիչ-երգահան Հայկ Պետրոսյանը NEWS.am STYLE-ի հետ կիսվել է մանկության տարիների, նոր սերնդի, մշակույթի և մարդկության մասին։ 

Ինձ համար 90-ականները լուսավոր տարիներ էին։ Իմ մանկական տարիները անցան արցախյան առաջին պատերազմի շրջանում։ Չնայած ծանր, նեղության ժամանակ էր, ինձ համար դրանք լուսավոր տարիներ էին։ Երեխաները, իհարկե ուրիշ ձևով են ընկալում։ Ունեմ մանկական նկարներ, որտեղ զենքով մարդիկ են պատկերված, բայց իմ հիշողությունները շատ վառ են։ Երևի շնորհակալություն պետք է հայտնենք մեր ծնողներին, որ այդ ծանր ժամանակներում, չենք զգացել ողջ դժվարությունը։ Ուրիշ ժամանակներ էին։ Հարևանների դռները մեկը մյուսի համար միշտ բաց էին, մեկը մյուսի հոգսով էր ապրում։

Սիրել եմ դպրոցը, որովհետև ունեցել եմ ընկեր Խանամիրյան։ Իմ առաջին ուսուցչուհին էր, հոգատար մանկավարժ էր, մի տեսակ մամայի պես էր վերաբերվում և դասերն էլ ուրախ էին անցնում։ Լավ դասարան էր, լավ ընկերներ ձեռք բերեցի, որոնցից մեկը մինչ օրս իմ ամենամտերիմ ընկերն է։ Դասերից փախնում էինք, ոչ թե, որ դասերը չէինք սովորել, կամ ստուգողականին պատրաստ չենք, այլ գնում էինք արկածների փնտրտուքով։ Գնում էինք թանգարաններ, օրինակ Անդրանիկի թուրը տեսնելու, կամ այն թաշկինակը, որը նրան նվիրել էին մի գյուղի աղջիկները, գյուղն ազատագրելուց հետո։ Ճանապարհին խոսում էինք ֆիդայինների մասին, երգում էինք հայրենասիրական երգեր։ Մի խոսքով, չնայած դժվար ժամանակներ էին, բայց լիարժեք մանկություն եմ ունեցել։ 

Այսօր երիտասարդ սերունդին շատ են քարկոծում, բայց հավատացեք, հիանալի երիտասարդություն ունենք

Կրթության մասնագետ չեմ, նոր սերդի հետ իմ շփումները հանդիպումների ձևաչափով են,  մասնավորապես դպրոցներում, և ասեմ, որ շատ եմ ուրախանում, որ հիմնականում տեսնում եմ կյանքով լի, իրական գիտելիքների պահանջը գիտակցող երեխաների, պատանիների։ Իհարկե հակապատկերն էլ կա։ Ցածր մտածելակերպ ունեցող, դիմացինին ճնշելու, իբր բարոյական գաղափարներ պարտադրելու մի հատված կա։

Բայց նրանք էլ ինչ-որ միջավայրի ծնունդ են, որը միշտ էլ եղել է, մեր ժամանակ էլ կար, թե դպրոցական, թե ուսանողական տարիներին։ 

Ինչ-որ «հիբրիդային» խառնվածք կա իմ մեջ, որը մի կողմից լավ է, մի կողմից վատ
Չնայած ավարտել եմ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, սակայն այդ ոլորտում չեմ աշխատել, չհաշված մի կարճ ժամանակ, երբ Փարիզում Արցախի ներկայացչությունում եմ աշխատել, բայց դա ավելի ասիստենտի գործ էր։

Ընդունվեցի այդ ֆակուլտետ, քանի որ պատմություն շատ էի սիրում։ Բայց, ամեն դեպքում, 16-17 տարեկանում դժվար է հասկանալ, թե ինչ մասնագիտություն ես ցանկանում ընտրել։ Ամեն դեպքում լավ դասախոսներ եմ ունեցել, որոնք կարողանում էին լսարանը «պահել»։ Միջազգային հարաբերությունն էլ հետաքրքիր ոլորտ է, շատ տարբեր շերտեր ունեցող՝ քաղաքականություն, տնտեսություն, հոգեբանություն, էթիկա, մշակույթ։ Այս առումով, նման ուսումը, իհարկե շատ օգտակար էր։ 

Բեմ բարձրանալու ուղղությամբ էլ այդպես լուրջ չեմ տրամադրվել։ Մի տեսակ, ինքստինքյան եղավ։ Ի դեպ, ես չեմ պատկերացնում մինչև կյանքի վերջ մնալ բեմական գործունեության մեջ։ Մի տաս տարի էլ ելույթ կունենամ, կոմիտասյան թեմաների շուրջ և ոչ միայն, հետո լրիվ ուրիշ բաներ եմ մտածել անել։ Ինչ-որ «հիբրիդային» խառնվածք կա իմ մեջ, որը մի կողմից լավ է, մի կողմից՝ վատ:

Մշակութային  հզոր քաղաք է Փարիզը, բայց մշակութային դաշտ Հայաստանում էլ կա
Փարիզում ապրած մի քանի տարին ինձ համար կարևոր տարիներ էին։ Նախ հայրիկիս հետ շփման կարոտը լրացվեց։ Ժամերով խոսում էինք, ավելի ճիշտ նա էր խոսում ամեն ինչից, ես լսում էի։ Այդ տարիքում այդքան էլ չէի արժևորում այդ խոսակցությունները, հիմա հասկանում եմ, որ դա էլ կարևոր մի դպրոց էր, որից ես դասեր եմ քաղում մինչ օրս։ Քրոջս հետ, ով աշխարհի ամենալուսավոր կետերից մեկն է ինձ համար, մի տանը ապրելով, խաղալով, կատակելով հարաբերությունները էլ ավելի ամրապնդվեցին։ Ինչ խոսք, մշակութային  հզոր քաղաք է Փարիզը։ Տեսնելու ու սովորելու շատ բան կա։ Շատ շնորհակալ եմ, որ կարողացա այդ ամենը տեսնել ու սովորել։ Բայց ասեմ, որ մշակույթով «սնվելու» դաշտ  Հայաստանում էլ կա։ Իհարկե սա այլ դաշտ է, բայց ոչ մի բանով պակաս հետաքրիր չի։ 

Մամային «պաշտպանելու» զգացումից դրդված, մի օր կանգնեցի աթոռին ու ասացի, որ էս տանն էլ Ազնավուր չպետք է հնչի։

1990-ականներին, երբ լույսը ժամերով էին տալիս,  բնակարաններում տալու պահից սկսում էր «եռուզեռը»։ Մեր տանն էլ տատիկս ու մայրիկս սկսում էին արագ-արագ տան գործերին անցնել։ Սակայն, մայրս լինելով հուզական «նատուրա», այդ անցուդարձի մեջ տրամադրում էր մի քանի րոպե, միացնում էր «Լա Բոհեմը» և արտասվում։ Ես էլ նայում էի մամային ու վրդովվում ու մտածում, թե ովա էդ Ազնավուրը, որի պատճառով մաման լացա  լինում։ Մամային «պաշտպանելու» զգացմունքից դրդված, մի օր էլ կանգնեցի աթոռին ու բարձրաձայն ասացի, որ էս տանն էլ Ազնավուր չպետք է հնչի։ Եվ դրանից հետո Ռուբեն Հախվերդյան էի միացնում։  Մաման ասում էր ոչինչ, կմեծանաս, կհասկանաս։ Այդպես էլ ստացվեց։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Նմանատիպ նյութեր