211652_close_icon
views-count352 դիտում article-date 13:16 21-05-2026

Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվել է ևս կես տարով

Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսով։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության մայիսի 21-ի նիստում։

Ժամանակավոր արգելքն ուժի մեջ կմտնի սույն թվականի հուլիսի 6-ից։ Կառավարությունից նշում են, որ վերջին տարիներին Սևանա լճում սիգի պաշարների աճի միտումը դեռևս չի ապահովում ձկան բնականոն աճն ու օպտիմալ քանակը։ Սևանա լճում կայուն արդյունագործական ձկնորսության կարևորագույն պայմաններից մեկը բնական վերարտադրության ապահովումն է։

«Ակնկալվում է, որ այս որոշումը կնպաստի Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության բարելավմանը, լճի էկոհամակարգերի և դրա ջրհավաք ավազանի կենսաբազմազանության պահպանմանը, կենսապաշարների կայուն օգտագործման բարելավմանը, ինչպես նաև սիգի կայուն զանգվածի պահպանմանը», - նշված է որոշման հիմնավորման մեջ:

Ըստ Կառավարության հիմնավորման՝ որոշումը պայմանավորված է նաև միջազգային շուկայում բարձր գին ունեցող սիգի ձկնկիթի արտահանման հնարավոր բացասական հետևանքները կանխելու, ինչպես նաև կենսապաշարների նկատմամբ մեծ մարդածին ազդեցությունն ու սպառողական վերաբերմունքը բացառելու անհրաժեշտությամբ՝ ապահովելով բարձր արդյունագործական արժեք ունեցող ձկնատեսակի պահպանումն ու բնական վերարտադրությունը:

Նմանատիպ նյութեր