211652_close_icon
views-count310 դիտում article-date 21:16 21-05-2026

Վրաստանի կառավարությունը «ատելության խոսքի» մոնիթորինգի բաժին կբացի

Վրաստանի կառավարությունը «ատելության խոսքի» մոնիթորինգի բաժին կբացի
Վրաստանի կառավարությունը նախատեսում է հունիսի 1-ից ստեղծել հասարակական վայրերում «ագրեսիվ հայտարարությունների» մոնիթորինգի և իրավական արձագանքման դեպարտամենտ: Դրա մասին «Rustavi 2» հեռուստաալիքի եթերում հայտնել է ներքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեն։ Նա կարծում է նաև, որ նշված բաժինը պետք է գործի Մարդու իրավունքների պաշտպանության վարչությանն առընթեր, հաղորդում է Грузия Online-ը։

«Մենք գտնում ենք, որ այս բաժինը պետք է գործի Մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտին առընթեր և ստեղծվի որպես դրա կառուցվածքային ստորաբաժանումներից մեկը։ Դրա հիմնական գործառույթը կլինի ատելության խոսքի դեպքերի բացահայտումը և համապատասխան իրավական արձագանքման ապահովումը։ Կարծում ենք, որ այս բաժինը կկարողանա լիարժեք գործել հունիսի մեկից»,- հայտարարել է Ալեքսանդր Դարախվելիձեն։

Ըստ նրա՝ բաժինը բացահայտելու է յուրաքանչյուր դեպք, «երբ օգտագործվում է ատելության խոսք, ոտնահարվում է կոնկրետ անձանց արժանապատվությունը, և դա օրենքով արգելված արարք է»։

«Նրանք [բաժինը] ակտիվորեն հետևելու են նման դեպքերին և դրանք փոխանցելու են դատարան, որպեսզի յուրաքանչյուր դեպք քննվի անհատապես»,- հայտարարել է Ալեքսանդր Դարախվելիձեն։

Խոսելով այս բաժնի ստեղծման նպատակի մասին՝ ներքին գործերի նախարարի տեղակալը նշել է, որ պետությունը պարտավոր է պաշտպանել մարդկային արժանապատվությունը։

«Մեր Սահմանադրությունը պետությանը պարտավորեցնում է պաշտպանել մարդկային արժանապատվությունը։ Այս բաժնի ստեղծումը կարևոր միջոց կդառնա միասնական պրակտիկայի մշակման համար։ Բացի դրանից, այս բաժինը հնարավորություն կունենա յուրաքանչյուր դեպք առանձին քննարկել։ Լավ է, որ այս հարցում միասնական մոտեցում է մշակվել։

Բոլորս համաձայն ենք, որ ատելության խոսքը և անձնական հարձակումները չեն մտնում խոսքի ազատության տակ։ Կարևոր է սահմանագիծ քաշել այն տեղի միջև, թե որտեղ է ավարտվում խոսքի ազատությունը և սկսվում են ատելություն հրահրող հայտարարությունները։ Դա պահանջում է բարձր որակավորում, մշտական մոնիթորինգ և դիտարկում»,- ասել է Դարախվելիձեն։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ իրավապահ մարմինների համակարգման պետական նախարար Մամուկա Մդինարաձեն հայտարարել էր. «Ամենաուշը մի քանի շաբաթից Ներքին գործերի նախարարությունում կունենանք բաժին, որը կապահովի մշտական մոնիթորինգ, որպեսզի գժտությունը, առճակատումը և ատելության խոսքը մեկընդմիշտ վտարվեն այս երկրից»։

Նմանատիպ նյութեր