211652_close_icon
views-count1351 դիտում article-date 18:11 24-05-2026

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածի հայրը՝ տուն չունի․ «Ասում են՝ բնակարան կստանամ 50 տարի հետո»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 23-ին, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված կամավորական Սարգիս Սարիբեկյանի հայրը՝ Հովհաննես Սարիբեկյանը, իր բողոքի ձայնը բարձրացրեց՝ դիմելով պատկան մարմիններին։ Նրա խոսքով՝ որպես զոհված զինծառայողի հայր՝ տարիներ շարունակ սպասում է բնակարանի հատկացման, սակայն մինչ օրս որևէ հստակ լուծում չի ստացել։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Հովհաննես Սարիբեկյանը պատմել է, որ մասնակցել է 1990-94 թվականների մարտական գործողություններին, իսկ 1998 թվականից բնակվել և աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում։ 44-օրյա պատերազմի սկսվելուց անմիջապես հետո վերադարձել է Հայաստան։

«Որդիս հենց սեպտեմբերի 27-ին կամավոր մեկնել էր Արցախ։ Երկու օր անց ես էլ մեկնեցի, իսկ ևս երկու օր անց ստացա տղայիս զոհվելու լուրը։ Գտա նրան, բերեցի և հուղարկավորեցի Եռաբլուրում, ապա մի քանի օր անց վերադարձա իմ զորամաս։ Մնացածն արդեն բոլորին է հայտնի»,- պատմել է նա։

Սարիբեկյանի խոսքով՝ որդու կորստից հետո կորցրել է կյանքի հանդեպ հետաքրքրությունը և երկար ժամանակ գիշերել է կամ Եռաբլուրում, կամ պատահական վայրերում։ Ավելի ուշ տեղեկացել է, որ ընկերներն իրեն հերթագրել են՝ որպես զոհվածի հայր բնակարան ստանալու համար։

«Կյանքը, որքան էլ դաժան ու անարդար թվա, շարունակվում է, և ինձ գլխիս տանիք էր պետք։ Սակայն ըստ հերթագրված ցուցակի, որտեղ ես 1450-րդն եմ, որևէ հստակություն չկար, թե երբ կհասնի իմ հերթը։ Այդ պատճառով 2025 թվականի հուլիսի 27-ին դիմեցի Պաշտպանության նախարարին՝ խնդրելով հստակ պատասխանել, թե երբ կարող եմ բնակարան ստանալ, քանի որ գործընթացը համակարգում է հենց իրենց կառույցը։ ՊՆ սոցիալական վարչությունից ինձ պատասխանել են, որ գործող ցուցակի համաձայն՝ իմ հերթը կհասնի միայն 2075 թվականին՝ ուղիղ 50 տարի անց։ Ես այժմ 64 տարեկան եմ, և առողջական վիճակս հաշվի առնելով՝ ո՛չ այդքան ապրելու հնարավորություն ունեմ, ո՛չ ցանկություն»,- ասել է Հովհաննես Սարիբեկյանը։

Վերջում զոհված կամավորականի հայրը դիմեց է ՀՀ պատկան մարմիններին՝ խնդրելով վերանայել իր հարցը և ցուցաբերել մարդկային ու պետական վերաբերմունք այն ընտանիքների նկատմամբ, որոնք պատերազմի ընթացքում տվել են ամենաթանկը՝ իրենց զավակներին։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր