211652_close_icon
views-count883 դիտում article-date 21:57 24-05-2026

Թափառող ու «տնական» շների խնդիրը. ստերջացնում են, միլիոններ են ծախսում, բայց օգուտ չկա. Oragir.news

Երևանում թափառող կենդանիների խնդիրը շարունակում է մնալ հանրային ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Քաղաքային իշխանությունները պարբերաբար հայտարարում են ստերջացման, պատվաստումների, որդեգրումների և քաղաքի տարբեր հատվածներից կենդանիների հավաքման աշխատանքների մասին։ 

Կենդանի պահողները՝ համաձայն 2016 թվականին սահմանված օրենքի դրույթների, ոչ միայն պարտավոր էին պահպանել համայնքային կանոնները, այլև վճարել տեղական տուրք, որը պարզվում է 2018 թվականից փաստացի չի կիրառվում։

Երևանի քաղաքապետարանի Կենդանիների խնամքի կենտրոն ՀՈԱԿ-ի տնօրենը նշում է, որ վերջերս Ազգային ժողովն ընդունել է մայր օրենք, ըստ որի՝ ընտանի կենդանիներ պահողները պարտավոր են հաշվառել, չիպավորել և գրանցել իրենց կենդանիներին։ Օրենքը նաև պատասխանատվություն է նախատեսում կենդանիներին լքելու, դաժան վերաբերմունքի, ինչպես նաև պահման ու զբոսանքի կանոնները խախտելու դեպքերի համար։

«Դինգո թիմ» ՀԿ հիմնադիր նախագահ Օվսաննա Հովսեփյանի խոսքով՝ մարտի 25-ին ընդունված օրենքի նախագծում կան մի շարք խնդրահարույց դրույթներ։ Նրա խոսքով՝ կազմակերպությունը գրավոր առաջարկներ է ներկայացրել, և առաջիկայում նախատեսվում է քննարկում՝ ակնկալելով, որ դրանց մի մասը կընդունվի։

Կենդանիների խնամքի կենտրոն ՀՈԱԿ-ի տվյալներով՝ 2024 թվականին ստերջացվել է 5040 թափառող շուն, կատաղության դեմ պատվաստվել՝ 3475-ը, վերապատվաստվել՝ 787 կենդանի, իսկ որդեգրվել է ընդամենը 135-ը։ 2025 թվականին արդեն ստերջացվել է 4140 կենդանի, պատվաստվել՝ 2703-ը, վերապատվաստվել՝ շուրջ 671-ը։ Որդեգրման ցուցանիշը շարունակում է մնալ շատ ցածր՝ ընդամենը 83 կենդանի։

Թափառող կենդանիների խնդիրը նախևառաջ վերահսկողության և պատասխանատվության բացակայության հետևանք է։

Օրենքներ ընդունելը կարևոր է, բայց անիմաստ, եթե դրանք մնում են թղթի վրա։ Օրենքները չեն աշխատում, եթե պատասխանատվություն չկա։ Եվ քանի դեռ կենդանիներին լքողները չեն պատժվում, չիպավորումն ու հաշվառումը չեն վերահսկվում, խնդիրը շարունակելու է մնալ նույնը։ 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր