211652_close_icon
views-count964 դիտում article-date 21:08 29-05-2026

Վարդան Ղուկասյանի ձերբակալման հետքերով․ արդարացվել են գյումրեցի Հովեյան եղբայրները․Aravot.am

Կարուշ և Կարեն Հովեյանները Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության օրը գնացել էին Գյումրու քաղաքապետարան՝ դիմում ներկայացնելու, սակայն հայտնվել էին քրեական պատմության մեջ։

Վարդան Ղուկասյանի ձերբակալությունից հետո, նույն օրը, Վարդանանց հրապարակում գտնվող ավելի քան չորս տասնյակ անձանց նկատմամբ քրեական գործեր էին հարուցվել՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու մեղադրանքով։

Քրեական գործ էր հարուցվել նաև Հովեյան եղբայրների՝ Կարուշի և Կարենի նկատմամբ, որոնք նոր էին վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից։ Կարուշ Հովեյանը ակտիվ երիտասարդ է, «ՀայաՔվե»-ի Գյումրու կառույցի անդամ։

Երկու եղբայրներն էլ երկու ամսով կալանավորվել էին և գտնվել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում։

Շիրակի մարզի դատախազությունը, սակայն, արդարացրել է նրանց՝ արձանագրելով, որ որևէ հանցանք չեն կատարել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր նրանց փաստաբան Արսեն Բաբայանը․

«Երկար ու ձիգ պայքարից հետո վերջապես Կարեն և Կարուշ Հովեյաններն արդարացվեցին հենց նախաքննության փուլում։ Թեև եղբայրները երկու ամիս բանտում անցկացրեցին, սակայն վերջապես Շիրակի մարզի դատախազությունը ընդունեց առաջին օրվանից մեր պնդումը, որ նրանք որևէ հանցանք չեն կատարել։

Հիշեցնեմ, որ գյումրեցի եղբայրներին ձերբակալել էին Գյումրու քաղաքապետի ձերբակալության օրը՝ քաղաքապետարանի բակից, այն մեղադրանքով, թե մասնակցել են զանգվածային անկարգությունների և միջամտել քրեական գործի քննությանը։

Այսպիսով հաստատվեց, որ Կարենն ու Կարուշը որևէ հանցանք չէին կատարել»,- գրել էր Արսեն Բաբայանը։

Aravot.am-ի հետ զրույցում Կարուշ Հովեյանը պատմել է, որ որևէ առնչություն չի ունեցել տեղի ունեցած իրադարձությունների հետ և քաղաքապետարան էր գնացել տարածքի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ դիմում ներկայացնելու նպատակով։

«Ես և եղբայրս որոշակի ժամանակահատվածով գտնվել ենք Ռուսաստանի Դաշնությունում։ Նախկինում ունեցել եմ ակտիվ քաղաքական գործունեություն, սակայն 2021 թվականից հետո պասիվություն կար, քանի որ պարբերաբար բացակայում էի երկրից։

Վերադառնալուց հետո զբաղվում էի անձնական հարցերով։ Այդ օրը քաղաքապետարան էի եկել դիմում ներկայացնելու։ Տեսա ոստիկաններին ու քաղաքացիներին, ոստիկաններից հարցրեցի՝ կարո՞ղ եմ դիմում ներկայացնել, թե՞ ոչ։ Ասացին՝ սպասիր, երկու ժամվա ընթացքում հնարավորություն կունենաս, սակայն այդ հնարավորությունը ես երկու ամիս այդպես էլ չունեցա, որովհետև ինձ անհիմն ձերբակալեցին»,- նշել է Հովեյանը։

Նրա խոսքով՝ իրեն ձերբակալել են մինչև որևէ միջադեպի զարգացում, և ինքը ֆիզիկապես չէր կարող մասնակցել զանգվածային անկարգությունների։

Կարուշ Հովեյանը նաև նշել է, որ նախաքննության ընթացքում որևէ առերեսում կամ այլ քննչական գործողություն չի իրականացվել, իսկ ձերբակալության փաստական հանգամանքներում եղել են հակասություններ։

Նա դեռ չի որոշել՝ պատրաստվո՞ւմ են արդյոք դիմել դատարան՝ իրենց պատճառված բարոյական վնասի փոխհատուցման պահանջով։

«Եթե նույնիսկ դիմեմ, ապա փոխհատուցումը կուղղեմ որևէ բարեգործական ծրագրի»,- ասել է Հովեյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Նմանատիպ նյութեր