211652_close_icon
views-count1714 դիտում article-date 10:57 01-06-2026

Արագածոտնի մարզում «Honda»-ի և «Opel»-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված 5 վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է. քննչական բաժինը պարզել է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

SHAMSHYAN.com-ը մայիսի 28-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 55 կմ հատվածում «Honda» և «Opel» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից, ինչի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Արթուր Մնոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի կողմից պարզվել է, որ «Honda»-ն վարել է Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Հովսեփ Ա.-ն, «Opel»-ը վարել է Լոռու մարզի բնակիչ 58-ամյա Քաջիկ Մ.-ն։

Վթարի հետևանքով Հովսեփ Ա.-ն, նրա ուղևոր Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Հայկ Հ.-ն և «Opel»-ի վարորդ Քաջիկ Հ.-ն, նրա ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ 47-ամյա Աբրահամ Զ.-ն, 55-ամյա Գայանե Զ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին մի մասը «Ապարան», մի մասը՝ «Արմենիա» բժշկական կենտրոններ։

Ժամեր անց «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Ապարանի բաժին, որ վիրավորներից Գայանե Զ.-ն գիտակցության չգալով մահացել է։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 28-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 55 կմ հատվածում բախվել էին «Honda» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինն օգնության էին հասել քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի 3-րդ խմբի փրկարարները՝ խմբի պետ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ, և «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել էին «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Փրկարարները վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս բերելու համար օգտագործել էին հատուկ տեխնիկա, իսկ բժիշկներն էլ մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հ. Պողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Ն. Մովսիսյանն ու Ա. Մելոյանը:

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝վարչության պետ Արթուր Մնոյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլներով տեղափոխել էին Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր