211652_close_icon
views-count6510 դիտում article-date 09:49 13-06-2026

Կասկածելի որոշում․ Շիրակի պետական համալսարանի ռեկտորը պաշտոնի է նշանակել ու բարձրացրել իր բարեկամուհու աշխատավարձը

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը, որի պաշտոնավարման ժամկետը շուտով ավարտվում է․ նա  հեղափոխությունից կարճ ժամանակ անց է սկսել պաշտոնավարել բուհը․ սկզբում որպես ռեկտորի ժ/պ, այնուհետ՝ 2022 թվականի փետրվարի 19-ին  ընտրվել մրցույթով՝ 5 տարի ժամկետով, աշխատանքի է տեղավորում իր բարեկամներին՝ նրանց հապշտապ պաշտոնների նշանակելով։ Ընդ որում բարեկամները ո՛չ բուհական համակարգում աշխատելու փորձ ունեն, ո՛չ համապատասխան գիտական աստիճան, որը պարտադիր է որոշ պաշտոններ ստանձնելու դեպքում։

Սակայն այս ամենը վերջը չէ, բարեկամներին պաշտոնների նշանակելուց զատ հոգաբարձուների խորհրդի ձեռամբ ողջ բուհում միայն  նրանց աշխատավարձն է բարձրացնում, երբ այդ նույն կառույցում օրնիբուն ճգնող պրոֆեսորադասախոսական ու  ուսումնաօժանդակ անձնակազմը աշխատավարձի փոխարեն բառի բուն իմաստով աղքատավարձ է ստանում,  օրինակ՝ մեկ դրույք ծանրաբեռնվածությամբ աշխատող, չպաշտպանած դասախոսի մաքուր աշխատավարձը  105-106 հազար դրամը չի անցնում, կես դրույքինը՝ 53-54 հազարը և այսպես շարունակ։ Նման չափի աշխատավարձ Գյումրիում նույնիսկ սահմանափակ ժամաքանակով փողոցը մաքրող հավաքարարներն այլևս չեն ստանում․ Վարդան Ղուկասյանը կալանավայրում հայտնվելուց առաջ հասցրեց բարձրացնել բոլորի աշխատավարձը, որպեսզի Գյումրիում քաղաքապետարանի շարքային աշխատակիցները չընկալվեն որպես չքավորներ, չմարմնավորեն ընչազուրկ մարդու կերպարը։ 

SHAMSHYAN.com-ին ահազանգել են Շիրակի պետական համալսարանից՝ վերը շարադրված տողերը բառացի փոխանցելով մեր խմբագրությանը ու խնդրելով հրապարակել առանց սրբագրման ու փոփոխության, որպեսզի վերընտրված Նիկոլ Փաշինյանը ընթերցի ու հետևություններ անի, թե ինչու են իր  դեմ բուհական համակարգում շատ հաճախ լարվում ու ինքն իրեն հարց տա, թե ինչու եմ աչքաթող  անում, թույլատրում, որ հայաստանյան բուհի մի ռեկտոր այնքան հարստանա, որ շքեղ առանձնատներ կառուցի,  արտերկիր գործուղման մեկնի կնոջ հետ, իսկ  մտավոր ծանր աշխատանք կատարողները չկարողանան գոյատևել իրենց իսկ հայրենիքում, գոնե թե իրենց աշխատավարձով չկարողանան մի զույգ նորմալ կոշիկ գնել ու հագնել, որպեսզի լսարանում՝ ուսանողների մոտ  չհայտնվեն անհարմար դրության մեջ։ 

Նշենք, որ ահազանգողները խնդրել են առայժմ չհրապարակել իրենց անուն-ազգանունը՝ այս օրերում ավելորդ, անհարկի հալածանքների ու հետապնդումների չենթարկվելու համար։

Նրանք մեզ են տրամադրել փաստաթուղթ, համաձայն որի՝ Շիրակի պետական համալսարանի մայիսի 8–ին կայացած հոգաբարձուների խորհրդի նիստով բարձրացվել են համալսարանի երկու աշխատակիցներ աշխատավարձերը։ Գուցե այդքան աղմուկ չլիներ, եթե այդ երկու արտոնյալներից մեկը չլիներ բուհի ռեկտորի աներձագի դուստր Շուշան Մարտիրոսյանը, որին բուհ բերելուց, գործավարի աշխատանք տալուց հետո վերջերս բարձր պաշտոնի է նշանակել․ այն է՝ «Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի» տնօրենի տեղակալ ու 50 հազար դրամով բարձրացրել է նրա աշխատավարձը՝ 200 հազար դրամից դարձնելով 250 հազար դրամ (տես փաստաթղթերում): 

Մեզ ահազանգողները նշում են, որ այս կինը չունի ո՛չ դասախոսի աշխատանքային փորձ, ո՛չ գիտական աստիճան, հետևաբար և բուհում ընդունված նորմերի կոպտագույն խախտմամբ են նրան պաշտոն նվիրել։

Նրա աշխատավարձի բարձրացման մասին որոշումը բուհում համարում են անբարոյական քայլ այն ֆոնին, երբ առավոտյան ժամը 9․00-ից մինչև ժամը 18․00-ն համակարգչի դիմաց կքող ուսումնաօժանդակ կազմի աշխատակիցները ցրտից սրթսրթում են՝ հազիվ թե 100 հազար դրամ ստանալով։ 

Ահազանգողները նշում են, որ Երվանդ Սերոբյանը կտրուկ բարձրացրել է ուսման վարձավճարները, սակայն դրժելով աշխատավարձ բարձրացնելու մասին 2022 թվականի փետրվարին ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում ներկայացրած իր ծրագիրը, պաշտոնավարման շուրջ 4․5 տարվա ընթացքում կես դրամ աշխատավարձի բարձրացում չի կատարել, ընդհակառակը պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար անընդմեջ խնդիրներ է ստեղծել՝ ավելացնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունն ու հանձնարարականները։
Shamshyan.com-ին նաև դժգոհեցին, որ  ամսական 700 հազար դրամ աշխատավարձ ստացող ռեկտորը զբաղված է մասնագիտություններն անխնա փակելով, երբեմն դա անում է միանձնյա՝ չպահպանելով անգամ ընդունված ընթացակարգը, ու այնպիսի  մասնագիտություններ, որոնք համալսարանական են ու դրանք չունենալը ուղղակի աբսուրդ է․ բուհը  մանկավարժական ինստիտուտից վաղուց վերածվել է համալսարանի։ Նրա քննադատները նշում են, որ ռեկտորը կես քայլ անգամ չի կատարում դրանք կենդանացնելու ուղղությամբ, ընդհակառակը «դիմորդ չկա ու վերջ» պրիմիտիվ պատճառաբանությամբ՝ փակում ու առաջ է շարժվում։

Թվարկելով, թե այս տարիների ընթացքում իր բարեկամներից ում է աշխատանքի տեղավորել ռեկտորը (Մարդկային ռեսուրսների կառավարման, փաստաթղթաշրջանառության և իրավական ապահովման բաժնի պետ Արտաշես Հովհաննիսյանը նրա  բարեկամուհու ամուսինն է, որն իր հերթին վերջերս աշխատանքի է բերել բուհի առկա բաժնում սովորող իր ուսանող որդուն՝ Արման Հովհաննիսյանին, բուհի պահեստապետ Սուրիկ Հովսեփյանը ռեկտորի աներձագն է, Շուշան Մարտիրոսյանի մասին էլ արդեն գրեցինք), ահազանգողները նաև տեղեկացնում են, որ 70-ամյա Երվանդ Սերոբյանը, որի պաշտոնավարման ժամկետը կավարտվի 2027 թվականի սկզբին, դեռ հույսեր է փայփայում իր նախընտրած կադրին  ռեկտոր կարգելու ու բուհում պրոռեկտորի կարգավիճակում իր գործունեությունը շարունակելու։ 

Նա, ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, մտադիր է ներկայիս պրոռեկտոր Գագիկ Նիկողոսյանին, որն անընդմեջ մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվում իր սկանդալային վարքագծով, ուսանողների աչքի առջև բուհի այլ աշխատակիցների հետ ծեծկռտուքով դարձնել ռեկտոր, իսկ նրա պաշտոնը վերցնել իրեն։

Իսկ Գագիկ Նիկողոսյանը, ըստ մեզ ահազանգող աշխատակիցների, ոչ ավել, ոչ պակաս վարդանիկական կադր է, եղել է Վարդան Ղուկասյանի երկարամյա ու հավատարիմ աշխատողը։   

Բուհից մեզ նաև տեղեկացնում են, որ Երվանդ Սերոբյանն առաջիկայում ՇՊՀ-ի արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակելու է իր գործավարուհուն՝ Բելլա Հովհաննիսյանին, որը ևս իր  մտերմական շրջապատից է ու նրան աշխատանքի է ընդունել էլեկտրոտեխնիկայի խանութից՝ 2023 թվականին, սկզբում որպես հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու, այնուհետ՝ ռեկտորի օգնական-գործավար։

Հետաքրքիր է, թե այս ամենի մասին ի՞նչ է մտածում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, այս դեպքում էլ է պարզաբանելո՞ւ, թե Շիրակի պետական համալսարանը հիմնադրամ է, որի ներքին գործերին ինքը չի խառնվում, երբ մեծ թվով աշխատակիցներ Երվանդ Սերոբյանի նմանների ստեղծած սոցիալական անարդարության պատճառով երկրի իշխանության ու առաջնահերթ հենց իր՝ տիկին նախարարի դեմ են լարվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր