211652_close_icon
views-count8130 դիտում article-date 14:55 20-06-2026

Կրակոցներ՝ Երևանում. Կիլիկիայում հայտնի Սիսվան փողոցում հնչել են կրակոցներ. կան վիրավորներ, հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններից կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր և կրակոցից վնասված ավտոմեքենա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունիսի 20-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիլիկիա թաղամասում՝ Սիսվան փողոցում, կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի քրեական ոստիկանության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։

Դեպքի վայրում քրեական և համայնքային ոստիկանները հայտնաբերել են ատրճանակից և ինքնաձիգից արձակված մի քանի պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, բնակչի տան երկաթե դարպասի վրա կրակոցի հետքեր, դարպասի մոտ կայանված «Honda» մակնիշի ավտոմեքենայի վրա նույնպես հայտնաբերվել է կրակոցի հետք։

Այս պահին դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Այս պահին տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկներ Գեղամ Մովսիսյանն ու Սիրմակ Հակոբյանը։

Տեղում աշխատում են արդեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Ռաֆայել Սարգսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արթուր Մուրադյանի և Վահե Աճեմյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի մանրամասները պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու նրանց և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով իրավապահները ունեն հավաստի տեղեկություններ, որ կա 4 վիրավոր։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր