211652_close_icon
views-count472 դիտում article-date 19:40 28-06-2026

Ինչո՞ւ Սպերցյանն ընտրեց Սաուդյան Արաբիան․ ինսայդ

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մոտ է սաուդյան «Ալ-Ահլի» տեղափոխվելուն։ Թեև 26-ամյա ֆուտբոլիստը մինչև վերջին պահը հույս ուներ կարիերան շարունակել Եվրոպայում, իրադարձությունների զարգացումն այլ ընթացք է ստացել։

Ինչպես հայտնում է «МЯЧ RU» տելեգրամյան ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայ կիսապաշտպանը Սաուդյան Արաբիա տեղափոխվելու առաջարկն ընդունել է միայն այն բանից հետո, երբ իտալական «Կոմոն» վերջնականապես հրաժարվել է նրա ծառայություններից։

Սպերցյանը մեծ հույսեր էր կապում Ա Սերիան ներկայացնող ակումբի հետ և այն դիտարկում որպես եվրոպական ֆուտբոլ տեղափոխվելու ռեալ հնարավորություն։ Կողմերի միջև բանակցություններ ընթացել են, սակայն գործը պաշտոնական առաջարկի չի հասել. «Կոմոն» Սպերցյանին հանել է իր հավանական նորեկների ցանկից՝ նախապատվությունը տալով այլ թեկնածուների։ Այս մերժումից հետո Էդուարդը որոշել է ընդունել «Ալ-Ահլիի» առաջարկը։

Ինսայդերները նշում են, որ տրանսֆերային այս զարգացումներում իր բացասական դերն է ունեցել նաև ԱԱ-2026-ը։ Քանի որ Հայաստանի ազգային հավաքականը չի մասնակցում մունդիալին, այս ամռանը Սպերցյանը զրկվել է լրացուցիչ ցուցափեղկից, ինչի հետևանքով նրա նկատմամբ հավելյալ ուշադրություն և հետաքրքրություն չի եղել եվրոպական այլ ակումբների կողմից։

Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանն իր ողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է «Կրասնոդարում»։ «Ցուլերի» կազմում նա դարձել է Ռուսաստանի չեմպիոն և կրկնակի արծաթե մեդալակիր։

Նմանատիպ նյութեր