211652_close_icon
views-count6637 դիտում article-date 15:33 03-07-2026

Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակի կողմից երեխաների բերանները կպչուն ժապավենով փակելու վերաբերյալ ահազանգից հետո տնօրենը հայտարարել է՝ «ինչ ուզում եք արեք, այդ մանկավարժին չեմ հեռացնելու»

Հունիսի 26-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ իրենց վարչական տարածքում գտնվող գյուղերից մեկի մանկապարտեզում դաստիարակը երեխաների բերանները կպչուն ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրել։ Երեխաները դեպքից 3 օր հետո տեղեկացրել են իրենց ծնողներին, ովքեր բողոք են ներկայացրել, սակայն մանկապարտեզի տնօրենը հայտնել է, որ «ինչ ուզում եք արեք, այդ մանկավարժին չեմ հեռացնելու»։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի և բաժնի պետի տեղակալ Արտակ Մկրտչյանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղում պարզվել է, որ հունիսի 18-ին այդ գյուղում գործող մանկապարտեզի 31-ամյա դաստիարակը ստեղծել է խաղային իրավիճակ, որի ընթացքում օգտագործվել է կպչուն ժապավեն․ նա սկզբում որպես օրինակ այն փակցրել է իր բերանին, այնուհետև՝ մանկապարտեզի թվով երեք 5-ամյա սաների բերաններին՝ կպչուն ժապավենի վրա ուրախ և տխուր դեմքեր նկարելու նպատակով։

Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր

Այս բաժնից