211652_close_icon
views-count1336 դիտում article-date 18:09 05-07-2026

Երևանի հասարակական տրանսպորտում ականատես եղա մի տեսարանի, որն իսկապես մտահոգիչ էր. Լիլիթ Նիկոյան

Լիլիթ Նիկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

« Երբ ծառայողը մոռանում է, որ ծառայում է քաղաքացուն

Այսօր Երևանի հասարակական տրանսպորտում ականատես եղա մի տեսարանի, որն իսկապես մտահոգիչ էր։

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգը պահպանող ծառայության աշխատակիցներից մեկը, որը ներկայացավ որպես Հովհաննես Սմբատյան, քաղաքացիների հետ շփվում էր այնպիսի տոնով ու վարքագծով, ասես իր առջև ոչ թե մարդիկ էին, այլ ենթականեր։ Փոխարենը, որ հանգիստ բացատրեր, լսեր և քաղաքակիրթ ձևով իրականացներ իր պարտականությունները, ընտրել էր հոխորտալու, ձայնը բարձրացնելու և արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու ճանապարհը։

Ամենացավալին այն էր, որ նրա համար կարծես նշանակություն չուներ՝ դիմացինը կին էր, տղամարդ, թե տարեց մարդ։ Բոլորի հետ նույն կոպիտ ու վիրավորական տոնն էր։

Երբ ներկաներից մի քանի հոգի փորձեցին նկատողություն անել և հիշեցնել, որ քաղաքացու հետ կարելի է նաև հարգանքով խոսել, նա, ըստ իմ լսածի, պատասխանեց. «Իմ տոնն է»։

Եթե իսկապես այդպես է, ապա լուրջ հարց է առաջանում. արդյո՞ք պետական կամ համայնքային ծառայողի «տոնը» կարող է լինել քաղաքացիներին վիրավորելը, նրանց վրա գոռալը և սեփական լիազորությունները ուժի ցուցադրության միջոց դարձնելը։

Առավել զարմանալի էր, որ մի քաղաքացի, որին պատրաստվում էին վարչական արձանագրություն կազմել, շատ հանգիստ ասաց. «Եթե խախտում եմ արել, խնդիր չկա, արեք այնպես, ինչպես կարգն է»։ Սակայն նույնիսկ այդ հանգիստ վերաբերմունքը չփոխեց աշխատակցի վարքագիծը. նա շարունակում էր բարձրաձայն ու կոպիտ խոսել։

Որևէ մեկը չի վիճարկում, որ հասարակական տրանսպորտում պետք է պահպանվի կարգապահությունը, և եթե կան խախտումներ, օրենքը պետք է կիրառվի։ Բայց օրենքի կիրառումը երբեք չի նշանակում նվաստացնել մարդուն կամ խոսել նրա հետ այնպիսի տոնով, որը վիրավորում է նրա արժանապատվությունը։

Կցանկանայի, որ Երևանի քաղաքապետարանը ուշադրություն դարձնի ոչ միայն իր աշխատակիցների լիազորություններին, այլև նրանց հաղորդակցման մշակույթին։ Քաղաքացին թշնամի չէ։ Նա այն մարդն է, ում հարկերի հաշվին գործում են պետական և համայնքային կառույցները։

Հարգանքը երբեք չի թուլացնում կարգապահությունը։ Ընդհակառակը՝ այն ձևավորում է վստահություն և արժանապատիվ հարաբերություններ պետության ու քաղաքացու միջև։ »

Նմանատիպ նյութեր