211652_close_icon
views-count3403 դիտում article-date 12:21 16-07-2026

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում կարողացել են փրկել ծանր վիճակում գտնվող երեխայի կյանքը

Հուլիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկից «ԳՈւՎ» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները։

Տեղում պարզվել է, որ տուժածը Արարատի մարզի բնակիչ 3-ամյա Կ. Մ.-ն է, ում վիճակը բժիշկները գնահատել են ծանր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ հուլիսի 7-ին, ժամը 20։30-ի սահմաններում երեխան ծնողների հետ գտնվել է հորեղբոր՝ Արմավիրի մարզի տանը։

Տան բակում խաղալու ժամանակ երեխան, ծնողների անուշադրության հետևանքով, անզգուշությամբ քաշել է խորովածի մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա, և նա ստացել է «գանգուղեղային վնասվածք»։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բժիշկներից մի քանի ժամ է պահանջվել, ինչի շնորհիվ հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը, սակայն նա որոշ ժամանակ պետք է մնա բժիշկների հսկողության տակ։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր