211652_close_icon
views-count1054 դիտում article-date 18:15 21-07-2026

Հայաստանում հիմնադրվել է Ապրելակերպի բժշկության ասոցիացիան. կայացավ առաջին մասնագիտական հանդիպումը

Հուլիսի 18-ին պաշտոնապես մեկնարկեց Հայաստանում Ապրելակերպի բժշկության ասոցիացիայի գործունեությունը՝ անցկացվելով կազմակերպության առաջին մասնագիտական միջոցառումը, որը համախմբեց առողջապահության ոլորտի մասնագետներին, բժիշկներին և առողջ ապրելակերպի գաղափարների շուրջ միավորված մասնակիցներին։

Միջոցառումը նշանավորեց ոչ միայն նոր մասնագիտական կազմակերպության ստեղծումը, այլև Հայաստանում ապրելակերպի բժշկության զարգացման նոր փուլի սկիզբը։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Ասոցիացիայի առաքելությունը, ռազմավարական նպատակները, գործունեության հիմնական ուղղությունները և առաջիկա ծրագրերը՝ ընդգծելով ապրելակերպի բժշկության կարևորությունը հիվանդությունների կանխարգելման, առողջության պահպանման, ռիսկերի նվազեցման և բուժման արդյունավետության բարձրացման գործում։

«Ապրելակերպի բժշկությունը գիտական ապացույցների վրա հիմնված առողջապահական մոտեցում է, որն ուսումնասիրում և կիրառում է մարդու ամենօրյա վարքագծային գործոնների ազդեցությունը առողջության վրա։ Այն ներառում է առողջ սնուցման, ֆիզիկական ակտիվության, որակյալ քնի, սթրեսի արդյունավետ կառավարման, վնասակար սովորությունների ռիսկերի նվազեցման և առողջ վարքագծի ձևավորման սկզբունքները։», - ասում է ասոցիացիայի նախագահ, ուռուցքաբան Գևորգ Ասիլբեկյանը։

Այս մոտեցման նպատակն է, որպեսզի առողջ ապրելակերպի վերաբերյալ խորհուրդները վերածվեն բժշկական պրակտիկայում կիրառվող գիտականորեն հիմնավորված գործիքների և աստիճանաբար ինտեգրվեն առողջապահական քաղաքականության ու ռազմավարական որոշումների մշակման գործընթացներին։

Առաջին միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան լսելու ապրելակերպի բժշկության տարբեր ուղղություններին և ժամանակակից մոտեցումներին նվիրված մասնագիտական դասախոսություններ, ինչպես նաև քննարկելու ոլորտի զարգացման հեռանկարները Հայաստանում։

Սակայն միջոցառման հիմնական նպատակը միայն գիտելիքի փոխանցումը չէր։ Այն դարձավ հարթակ՝ ծանոթանալու, փորձի փոխանակման, նոր համագործակցությունների ձևավորման և ընդհանուր արժեքների շուրջ մասնագիտական համայնք ստեղծելու համար։ Ասոցիացիայի հիմնադիրների համոզմամբ՝ առողջապահության ոլորտում կայուն փոփոխություններ հնարավոր են միայն տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների համագործակցության և միասնական աշխատանքի շնորհիվ։

Ապրելակերպի բժշկության ասոցիացիան իր գործունեության ընթացքում նպատակ ունի խթանել ապացուցողական բժշկության վրա հիմնված առողջ ապրելակերպի մոտեցումների ներդրումը, նպաստել մասնագետների շարունակական կրթությանը, իրականացնել հանրային իրազեկման ծրագրեր, աջակցել գիտական հետազոտություններին և համագործակցել պետական, մասնագիտական ու միջազգային կառույցների հետ՝ բնակչության առողջության բարելավման և ոչ վարակիչ հիվանդությունների բեռի նվազեցման ուղղությամբ։

Հուլիսի 18-ի հանդիպումը դարձավ այս նախաձեռնության առաջին կարևոր քայլը՝ հիմք դնելով մի մասնագիտական համայնքի ձևավորմանը, որի նպատակն է ապրելակերպի բժշկությունը դարձնել Հայաստանի առողջապահական համակարգի կարևոր և անբաժանելի բաղադրիչ։

Նմանատիպ նյութեր