211652_close_icon
views-count259 դիտում article-date 22:45 21-07-2026

Ադրբեջանը և Գերմանիան ռազմավարական գործընկերություն են հաստատել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Տեղի է ունեցել Ալիևի հանդիպումը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: 

Ադրբեջանի նախագահին ընդունել է նաև Գերմանիայի կանցլերը: Իլհամ Ալիևը և Ֆրիդրիխ Մերցը ստորագրել են Ադրբեջանի և Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին համատեղ հռչակագիր: Ստորագրվել է նաև ադրբեջանա-գերմանական գործարար խորհրդի ստեղծման և գործունեության մասին հռչակագիր։ 

Համատեղ մամուլի ասուլիսում Ալիևը հայտարարել է, որ երկկողմ հարաբերությունները կնպաստեն համագործակցությանը և խաղաղությանը Հարավային Կովկասում: Նրա խոսքով՝ Գերմանիայի հետ էներգետիկ ոլորտում համագործակցությունն ընդլայնվելու է, շատ այլ ուղղություններով ևս նախատեսված է գործողությունների կոնկրետ ծրագիր: 

Համագործակցության հաջորդ ոլորտը, ըստ Ալիևի, տարանցիկ հնարավորությունների ներուժի իրացումն է: Նա նշել է, որ Ադրբեջանը կատարելագործում է իր տրանսպորտային ենթակառուցվածքը և կամրջի դեր է խաղում Կենտրոնական Ասիայի ու Եվրոպայի միջև: 

Մերցն էլ նշել է, որ Ադրբեջանը Գերմանիայի համար կարևոր գործընկեր է: Նա շնորհակալություն է հայտնել Ալիևին Ռուսաստանի գազի մատակարարման դադարեցման պայմաններում  ադրբեջանական գազի արտահանման ավելացման համար։ 

Մերցը կարևորել է խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում։ Նրա խոսքով՝ Գերմանիան և Եվրամիությունը լիովին շահագրգռված են, որպեսզի աշխարհաքաղաքական այդ կարևոր տարածաշրջանը կայունանա։ 

Շնորհավորելով Ալիևին Հայասատանի հետ խաղաղության պայմանագրի նախաստորագրման կապակցությամբ՝ Գերմանիայի կանցլերը նշել է, որ այն պատմական հնարավորություն է հակամարտությունը վերջնականապես հաղթահարելու համար:

Բեռլինում Ալիևին ընդունել է նաև Գերմանական տնտեսության արևելյան կոմիտեի նախագահ Միխայել Հարմսը:

Ընդգծվել է ադրբեջանցի և գերմանացի գործարարների և ընկերությունների աճող հետաքրքրությունը համատեղ աշխատանքի նկատմամբ, քննարկվել են նման գործունեության ինստիտուցիոնալացման ուղիները: Մտքեր են փոխանակվել ավանդական և այլընտրանքային էներգետիկայի ոլորտում առկա ներուժի, կապի, այդ թվում՝ Միջին միջանցքի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում առկա հնարավորությունների շուրջ:

Նմանատիպ նյութեր