211652_close_icon
views-count883 դիտում article-date 12:30 30-07-2026

ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ շարունակվում է Արարատի մարզում ժողովրդի կողմից «մահաբեր» անունը ստացած՝ ամեն պահի փլուզման ենթակա կամրջի ապամոնտաժումը, որից հետո կառուցվելու է նորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ շարունակվում է Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ Արարատի մարզի ժողովրդին հայտնի Վեդիի «մահաբեր» անունը ստացած կամրջի ապամոնտաժման աշխատանքները։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը երեկ՝ հուլիսի 29-ին, ապամոնտաժման աշխատանքները դեպի Երևան ընթացող հատվածում ավարտին են մոտենում, որից հետո կսկսվի դեպի Երասխ ընթացող հատվածի ապամոնտաժումը։

Ելնելով ճանապարհաշինարարների և քաղաքացիների անվտանգությունից՝ տեղում ուժեղացված ծառայություն են իրականացնում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի և վաշտի հրամանատար Վահան Սանթելյանի գլխավորությամբ։

Աշխատանքներին տեղում ծանոթանալու համար 2 անգամ անակնկալ նշված վայր են ժամանել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ապամոնտաժումից հետո սկսվելու է նոր կամրջի կառուցումը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը Վերջին տարիներին ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ հանրապետությունում իրականացվել ու շարունակվում են ճանապարհների հիմնանորոգման, որոշ հատվածներում նոր ճանապարհների կառուցման, ինչպես նաև կամուրջների հիմնանորոգման և նորերի ստեղծման աշխատանքները:

Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Վեդիի կամուրջը, որը կառուցված է եղել սովետական տարիներին, վերջին տարիներին ամբողջությամբ դարձել էր վտանգավոր ու հայտնվել վթարային վիճակում, և այդ կամրջի վրայով երթևեկությունը հղի էր վտանգներով։ Իսկ այդ կամրջի հարևանությամբ անընդհատ տեղի էին ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ ու վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական։

Կամրջի հարևանությամբ ապրող գյուղերի ու Վեդի քաղաքի բնակիչները անընդհատ բարձրաձայնում էին խնդիրը՝ խնդրելով կառավարությանը, որպեսզի այդ կամուրջը հիմնանորոգվի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ ուսումնասիրվել էր կամրջի վիճակը, և եկել էին եզրակացության, որ այն նորոգելու դեպքում հազիվ մի քանի տարի հնարավոր լինի շահագործել, ճիշտը նոր կամրջի կառուցումն էր։

Հուլիսի 22-ին, արդեն սկսվել էին կամրջի ապամոնտաժման աշխատանքները, որից հետո կսկսվեր նոր կամրջի կառուցումը: 

Այդ ընթացքում նշված հատվածում, ելնելով վարորդների ու կամուրջը կառուցողների անվտանգությունից, տեղում ծառայություն էին իրականացնում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի և Արթուր Կոծինյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում կամրջի վրա շինարարություն կատարող աշխատակիցներն ասել էին. «Եթե պարեկները չլինեն, կան որոշ վայ հետաքրքրասեր վարորդներ, որ մեքենաները կայանում են ու ստեղծում անհարմար վիճակ։ Բայց լավ է, երբ պարեկ է լինում, ոչ ոք չի համարձակվում մեքենան կայանել, ինչը հեշտացնում է մեր աշխատանքը։ Իսկ մենք էլ խոստանում ենք, որ ապահովելու ենք որակ, որ մեր կառուցած կամուրջը 100 տարուց ավելի շահագործվելու է։ Չենք ուզում փնովել Սովետին, բայց էդ մարդկանց կառուցած կամուրջը 60 տարուց ավելի իր գործն արել է, իսկ հիմա այն պիտի ապամոնտաժվի, որովհետև նույնիսկ սյուներ են քայքայվել»։

Լուսանկարները և տեսանյութերը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր